Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անվանական զենքերով պարգևատրել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ ԵՎՐՈ 2016-ի ուղեգիր ձեռք բերելու համար։ Այս մասին տեղեկացնում է ukranews լրատվական կայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի նախագահի նախկինում չհրապարակված հրամանագրից, որը ստորագրվել է 2015թ. նոյեմբերի 21-ին։ Հրամանագրի համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն անվանական զենքերով է պարգևատրել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոյին, ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոյին և ազգային հավաքականի անդամ 9 ֆուտբոլիստի։
Հրամանագրում նշված չէ, թե ինչ տեսակի և արտադրության են եղել Ուկրաինայի նախագահի պարգևատրած զենքերը։
Նշվում է նաև, որ 2015թ. հունվարից մինչև 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն 13 միավոր զենք է նվիրել տարբեր անձանց։