Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Օսկանյանը Ղարաբաղն ամրագրում էին որպես Ադրբեջանի մաս

Մարտ 24,2016 16:00

Ո՞ւր մնաց «հաղթողական»`  8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղը

Վարդան Օսկանյանի աշխուժացումը, նրա` կուսակցություն ստեղծելու մտադրությունը վերլուծելիս այսօր բերվում են արդարացումներ, թե Օսկանյանն ընդունելի գործիչ է ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի կողմից, կանխատեսում են, թե միջազգային հանրությունը կարող է Օսկանյանի վրա խաղադրույք դնել, եւ այս համատեքստում անգամ հիշատակվում է նրա` Ղարաբաղի հարցում դրսեւորած «ճկուն» դիրքորոշումը:

Եթե մարդիկ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտաքին քաղաքականության ճարտարապետ Օսկանյանի գործունեությունը մտածված են դրական լույսի ներքո ներկայացնում, պարզ է, թե դա ինչ նպատակով են անում: Բայց եթե նման մեկնաբանությունները միամտորեն են արվում, ապա վատ չէր լինի, որ նման պնդումներ անողները հաշվի առնեին, որ այսօր հայկական կողմի դիրքերը ԼՂ խնդրում ավելի ամուր են, քան Քոչարյանի 10-ամյա իշխանության ողջ շրջանում:

Այսօր Ադրբեջանի պահվածքը` շփման գիծը լարված պահելու, Հայաստանի սահմաններին ոտնձգություններ իրագործելու քաղաքականությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, հայատյացության քարոզչությունն Ադրբեջանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակաբար կաթվածահար անելն ու այլ գործոններ արդեն ապացուցել են այն անհերքելի իրողությունը, որ Իլհամ Ալիեւը փոխզիջումներով ԼՂ խնդրի կողմնակից չէ, եւ այն, թե ինչու Ղարաբաղը չի կարող խաղաղ գոյակցել այսօրվա Ադրբեջանի հետ: Իհարկե, սա դեռ բավարար չէ, որպեսզի հայկական կողմը ձեռքերը ծալած նստի ու հայտարարի` միեւնույն է, ամբողջ աշխարհը մեզ էլ է ճանաչում, Ադրբեջանի իշխանությանն էլ: Հետեւողական աշխատանքը` ընդդեմ Ալիեւի այսօրվա գործունեության ու կեղծ քարոզչության, պետք է շարունակել ավելի ուժգին, քան երբեւէ:

Ու քանի որ պահը հասունացել է, արժե թարմացնել շատերի հիշողությունը եւ ցույց տալ, թե որն էր Օսկանյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչ տարբերակների շուրջ էր նա բանակցում, բնականաբար` Քոչարյանի իմացությամբ եւ թելադրանքով:
Օսկանյանն արդեն մի քանի անգամ հասցրել է մեղադրել այսօրվա իշխանություններին ԼՂ հարցում «իր պահած նշաձողը» իջեցնելու մեջ: Հասկանալու համար, թե ինչ դիրքորոշում է ունեցել Օսկանյանը, արժե պատմական էքսկուրս կատարել՝ միանգամից արձանագրելով, որ այսօր ղարաբաղյան բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքները կողմերին են ներկայացվել 2007թ. նոյեմբերին` Մադրիդում, երբ դեռ Քոչարյանն ու Օսկանյանն էին իշխանության:

Կարգավորման այսօրվա` Մադրիդյան առաջարկներից միայն վեց սկզբունք է հրապարակվել, մինչդեռ Քոչարյանի եւ Օսկանյանի համար ընդունելի ու բանակցած տարբերակների մասին ավելի շատ բան է հայտնի պատմությանը, դրանք հրապարակվել են տարիներ առաջ, եւ Օսկանյանի կենսագրությամբ հիացածները ցանկացած պահի կարող են վերընթերցել դրանք:

Օրինակ՝ կարելի է համեմատել Տեր-Պետրոսյանի օրոք ղարաբաղյան կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ արդեն Քոչարյանի եւ Օսկանյանի օրոք կողմերին ներկայացված` 1998թ. «ընդհանուր պետության» առաջարկը: Ժամանակին այս երեք տարբերակներն ամբողջությամբ հայկական մամուլում հրապարակվել են:

Նախ` հիշեցնենք, որ Քոչարյանն ու Օսկանյանը 1998-ի իշխանափոխության հիմնական պատճառ ներկայացնելով ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումը` խոստացել էին ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով, եւ 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: Սակայն հետո Քոչարյանն ու Օսկանյանը ցույց տվեցին, թե ԼՂ կարգավորման ինչ տարբերակների շուրջ են բանակցում Ադրբեջանի հետ:

Համեմատենք Քոչարյանի ու Օսկանյանի բանակցած` 1998թ. «ընդհանուր պետությունը» 1997թ. փաթեթային եւ 1997թ. փուլային տարբերակների հետ: Նախ` «ընդհանուր պետություն» տարբերակը փուլային էր` չնայած Քոչարյանի այն պնդումներին, թե նրա համար ընդունելի է փաթեթայինը: «Ընդհանուր պետություն» տարբերակն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերություն 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում էր ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները:

Այսպես` 1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: Մի կողմից՝ ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:

1997թ. փաթեթային փաստաթղթով հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այնուհետեւ նշվում էր, որ ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի սահմանադրություններում:

Իսկ ԼՂ-ի կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետեւյալն էին` ա) ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան եւ օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները եւ գործադիր որոշումները կգործեն ԼՂ-ի տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձեւավորի իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:

Իսկ 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ-ի փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում:

Այսինքն` ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր եւ հայկական դրամ, ծառայելու էին եւ գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, եւ դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի: Մինչդեռ այդ ընթացքում Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում, ինչպես նաեւ ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը, ամբողջ ճակատով կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ, կվերացվեին շրջափակումները, որոնց արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլ երկրներ:
Մինչդեռ Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված՝ 1998թ. «Ընդհանուր պետության» առաջարկը միանշանակ փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն` ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ:

Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Բացի այդ, այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին: Այսպես, «Ընդհանուր պետություն»-ով» ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում:

Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն՝ ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:
Մյուս ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ ԼՂ-ն, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»:

Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Այժմ ամենաուշագրավը: Այսքանով Ադրբեջանը չբավարարվեց: Պարզվեց՝ Բաքուն ավելին էր ակնկալում Քոչարյանից ու Օսկանյանից ու մերժեց «Ընդհանուր պետության» առաջարկը: Ադրբեջանի ակնկալիքներն ավելին էին, եւ ի հայտ եկավ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծման գաղափարը, ու առաջ եկավ տխրահռչակ «Մեղրիի տարբերակը»: Եվ վերջում մի անհերքելի փաստ եւս. Քոչարյանն ու Օսկանյանը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողեցին:

Ահա Օսկանյանի արտաքին քաղաքական «ձեռքբերումները»: Նրան «հմուտ», «ճկուն» դիվանագետ եւ «պետական» գործիչ համարողները թող նկատի առնեն նրա հարուստ կենսագրության այս դրվագները նույնպես:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սկիզբը` այստեղ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Մեղրիի տարբերակը» թուրքերի ծայրագոյն երազն էր: Անոնց բազմադարեան ջանքերի հոյակամ պսակում՝ Բան-Թուրանիզմի իրականացումը:

    Թէ Վարդան Օսկանյանի գլխուն մէջ, ասիկա սքանբելի լուծում մըն էր, պարզ է: Ինք այդ մարդն է:

    Սակայն վստահ չեմ թէ Քոչարյան, ինք, իսկապէս մինչեւ ծայր երթալու էր, այդ անհեթեթ ուղիով:

    Հնարաւոր է որ Քոչարյան այդ չափազանց փափուկ եւ ընդհկանրապէս շվարած (դեռ ուրիշ բաներ չասենք, քաղաքավար մնանք…) Արտգործ Նախարարը օգտագործում էր որպէս ճատրակի «զինվոր», իբրեւ թէ ճկունութիւն ցուցաբերելու համար բանակցութիւնների սեղանին շուրջ, մինչ ինք բնաւ տրամադիր չէր անոր բերած որեւէ դաշնագիրը ստորագրելու, եթէ այդ պահը հասնի: Քանզի ինք լաւ կը ճանչնայ ազերիներին, եւ գիտեր որ անոնք ոչ մէկ բան ել չէին ընդունելու:

    Ուրիշ վարկած մը եւս՝ նկատի ունենալով որ Օսկանյան ԱՄՆ-ի մարդն է, Քոչարյան զայն կը գործածէր որպէս… հաւասարակշռութեան միջոց, նիւթի առարկայ քաղաքա-ռազմական երկու բեւեռների միջեւ:

Պատասխանել