Հայրենական մեծ պատերազմի տարիներին նորածին հասակում որբացած եւ Հայաստան տեղափոխված Լեւոն Ղազարյանը առողջական խնդիրներ ունի:
«Միգուցե ազգությամբ ռուս եմ կամ՝ հրեա, չգիտեմ, քանի որ պատերազմի տարիների որբ եմ, հնարավոր եմ համարում այդ տարբերակները»,- «Առավոտի հետ զրույցում ասում է թոշակառու Լեւոն Ղազարյանը: Նա Հայաստան է տեղափոխվել մանուկ հասակում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին:
«Պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինձ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից կամ Ստավրոպոլից են այստեղ բերել: Դրանք այն ժամանակներն էին, երբ պատերազմի տարիներին հավաքում էին որբ երեխաներին մանկատներից եւ գնացքներով ուղարկում էին հարավային հանրապետություններ: Եվ ես 1942 թվականին այդպես հայտնվեցի Հայաստանում: Եվ ինձ որդեգրեցին: Այդ ժամանակ երեխաներին պարզապես բաժանում էին բարի մարդկանց»,- պատմում է Լեւոն Ղազարյանը: Նա արեւային՝ լազերային վիրահատական դանակի՝ սկալպելի մտահղացման գյուտի հեղինակն է Հայաստանում:
Լեւոն Ղազարյանը միայն մոր մահանալիս է իր մասին ճշմարտությունն իմացել:
«Մայրս ինձ ասաց, որ ես որբ եմ եղել եւ որդեգրված եմ մանկատնից»,- պատմում է Լեւոն Ղազարյանը՝ նշելով, որ երբ ծնվել է ու տեղափոխվել Հայաստան, անուն չի ունեցել: Նրան նոր ծնողներն են անվանակոչել:
74 տարեկան է եւ առողջական խնդիրներ ունի: Մեզ հետ զրույցում Լեւոն Ղազարյանն ասաց, որ թոքերում է խնդիրը: Ծակոցներ եւ ցավեր ունի: Օգնության ակնկալիքով դիմել է հանրապետության նախագահին. անհասկանալի պատճառներով քաղաքացու դիմումը մակագրվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը: Գուցե, հավանաբար, այն պատճառով, որ նա իր դիմումում նշել է գյուտի հեղինակ լինելը: Նախարարությունն էլ նամակն ուղարկել է առողջապահության նախարարություն՝ հորդորելով հնարավորության սահմաններում օգնել: Քաղաքացուն էլ հայտնել են, որ արդյունքների մասին տեղեկանա առողջապահության նախարարությունից:
Լեւոն Ղազարյանի խոսքերով՝ նախարարությունից ուղեգրել են Միքայելյանի անվան ինստիտուտ:
Կարդացեք նաև
«Գնացի պրոֆեսորի մոտ, նա ուղարկեց մեկ ուրիշի մոտ, նա էլ՝ մեկ այլ մասնագետի, որն այդ օրերին արձակուրդում էր: Այդպես այս-այն կաբինետ գնալով՝ հոգնեցի ու որոշեցի միառժամանակ դադար տալ, բայց թոքերս ցավում են»,- ասում է Լեւոն Ղազարյանը: Նա որոշել է Հայաստանից հեռանալ. «Տարիների ընթացքում չեմ կարողացել ընտանիք կազմել եւ այդպես էլ մնացել եմ մենակ: Որոշեցի վերադառնալ Ռուսաստան: Ունեմ բարձրագույն կրթություն եւ էներգետիկայի ոլորտում գյուտի հեղինակ եմ: Համագործակցում էի նաեւ ռուսալեզու թերթերի հետ: Որոշեցի գնալ, քանի որ հնարավոր է՝ այնտեղ գտնեմ կյանքիս ընկերոջն ու այնտեղ ապրեմ: Կգնամ այնտեղ, որտեղ ինձ ապրելու հնարավորություն կընձեռեն»:
Նախ փորձել է կապվել Իսրայելի հասարակական գործիչների հետ, սակայն արձագանք չի եղել. «Բան դուրս չեկավ, բայց հույս ունեմ, որ կլսեն ու կօգնեն: Ինչու եմ կարծում, որ Իսրայելում ինձ կօգնեն, քանի որ հրեաները նույնպես տուժել են պատերազմի տարիներին»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016