Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը

Մարտ 24,2016 14:30

Փաստաբանի կողմից ապօրինությունները հրապարակային ներկայացնելուց հետո դատարանը իրականացրեց պատժիչ քաղաքականություն

«Առավոտ» օրաթերթի փետրվարի 26-ի «Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից» հրապարակումից հետո, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իրականացնելով պատժիչ քաղաքականություն, մարտի 11-ին կայացրեց, ըստ էության, սենսացիոն դատական ակտ: Դատարանը՝ Կ. Չիլինգարյան, Լ.Գրիգորյան եւ Ա. Պետրոսյան կազմով, բեկանեց եւ փոփոխեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատական ակտը՝ ամբողջությամբ մերժելով փաստաբան Ղեւոնդ Պապոյանի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջի մասին հայցապահանջը:

Ըստ քաղաքացի Լ. Մարգարյանի 09.07.2014թ. դատարան ներկայացված հայցադիմումի. «Փաստաբանական ծառայությունների մատուցման մասին» 02.11.2013թ. պայմանագրով ինքը պարտավորվել է վարչական գործի շրջանակներում իր՝ որպես հայցվորի շահերը ներկայացրած փաստաբան Ղեւոնդ Պապոյանին իր օգտին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճարել 120.000 դրամ»: Քաղաքացին հայտնել էր, որ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 12.06 2014թ. հրապարակված վճռով իր հայցը բավարարվել է, եւ խնդրում է բռնագանձել վարչական գործով պատասխանողից իր փաստաբանի խելամիտ վարձատրության ձեւով իր կատարած դատական ծախսի գումարը` 120.000 դրամի չափ։

xevond-ruz-5-1-2
Փաստաբան Ղեւոնդ Պապոյանն «Առավոտին» երեկ հայտնեց, որ հայցապահանջը հիմնավորելու համար ներկայացրել էր ապացույցներ: Մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի 12.06.2014 թվականի թիվ ՎԴ/10450/05/13 վճիռը, որով Լյովա Մկրտիչի Մարգարյանի հայցը բավարարվել է եւ վճռվել է. «ոչ իրավաչափ եւ անվավեր ճանաչել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/0148/02/2010 քաղաքացիական գործով 26.08.2010 թվականին կայացված վճռի հիման վրա 08.06.2012 թվականին կատարված Սիրանուշ Սուքիասյանի 1/3-րդ մասի սեփականության իրավունքի պետական գրանցումը»։ Վարչական դատարանում փաստաբանը ներկայացրել է հայցվորի շահերը, ինչն առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, արձանագրելով, որ վարչական դատարանին հայցադիմումը ներկայացվել է 13.11.2013 թվականին, եւ որ հայցվորի շահերն էլ դատարանում պաշտպանել է փաստաբան Ղեւոնդ Պապոյանը:
Դատարան էր ներկայացվել նաեւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 23.12.2014 թվականի թիվ ՎԴ/10450/05/13 որոշումը: Այս որոշմամբ Սիրանուշ Սուքիասյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքները եւ ՀՀ վարչական դատարանի 12.06.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նշյալ որոշման ներածական մասում եւս արձանագրված է, որ հայցվորի շահերը վերաքննիչ դատարանում ներկայացվել է փաստաբան Ղ. Պապոյանի կողմից: Վերջինիս կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոքների պատասխան:

18.06.2015 թվականի թիվ 058306 վճարման անդորրագրից էլ պարզ է դառնում, որ Լյովա Մարգարյանի կողմից Ղեւոնդ Պապոյանին վճարվել է 120. 000 ՀՀ դրամ՝ որպես 02.11.2013 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների մատուցման մասին» պայմանագրով սահմանված ծառայության վճար:

Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս նույն ապացույցների հիման վրա վճռել էր հայցը բավարարել մասնակիորեն. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Լյովա Մկրտիչի Մարգարյանի բռնագանձել 80 հազար ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել եւ փոփոխել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ հայցապահանջը ամբողջությամբ մերժել է:

Ինչ պատճառաբանություն է դատարանը մերժման որոշման հիմքում դրել:
Ըստ վերաքննիչի. «Սույն գործով հայցագինը թիվ ՎԴ/10450/05/13 վարչական գործով հայցվորին մատուցված ծառայությունների համար նրա փաստաբանի խելամիտ վարձատրության գումարն է, եւ այդ գումարի չափը դատարանի կողմից համապատասխան ապացույցների բացակայությամբ (այլ կերպ ասած` սուբյեկտիվորեն) որոշված լինելու եւ որեւէ կերպ հիմնավորված չլինելու մասին բողոք բերած անձի փաստարկը հիմնավորված է։ Բանն այն է, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել վերը նշված գործի բարդության, դրա քննության տեւողության, կայացած դատական նիստերի քանակի եւ տեւողության, փաստաբանի կողմից կատարված աշխատանքի ծավալի եւ այլ այնպիսի հանգամանքների մասին ապացույցներ, որոնք կարող էին ծառայել որպես չափանիշ` տվյալ գործով փաստաբանի խելամիտ վարձատրության չափն օբյեկտիվորեն որոշելու համար, իսկ դատարանն էլ հայցագինը կազմող 120.000 դրամից 80.000-ը խելամիտ է համարել` վկայակոչելով սոսկ հայցվորի կողմից հայցադիմումում բերված ու համապատասխան ապացույցներով չուղեկցվող այն պնդումները, թե նշված վարչական գործով իր շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Ղեւոնդ Պապոյանը, ով կազմել եւ դատարան է ներկայացրել հայցադիմում, հայցապահանջը հիմնավորող ապացույցներ, իսկ վարչական գործի քննությունը տեւել է մոտ 6 ամիս, որի ընթացքում կայացվել են 4 դատական նիստ»։

Մեկ այլ հիմնավորմամբ էլ. «Դատարանին վերագրվել են հենց այդ հոդվածներով սահմանված նորմերի խախտումներ, եւ այդ խախտումների առկայությունն ակնհայտ է, ընդ որում, այդ խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման եւ հիմք են ծառայում բողոքարկված վճիռը բեկանելու համար»։

Ղեւոնդ Պապոյանն «Առավոտին» այս կապակցությամբ ասաց. «Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում բացակայում են հայցվորին փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ ապացույցները, այն դեպքում, երբ գործում առկա են վերոնշյալ թվով 4 ապացույցները, որոնցով հիմնավորվում է հայցվորի շահերը նշված գործով վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում իմ կողմից ներկայացնելու, դատական նիստերին մասնակցելու, նշված փաստաբանական ծառայությունների դիմաց վճարումներ կատարված լինելու հանգամանքները, ինչպես նաեւ դատական քննության տեւողությունը եւ գործի բարդությունը: Վերաքննիչ դատարանը կամայականորեն չի գնահատել գործում առկա ապացույցները, որը անպատժելիության հետեւանք է»:
Փաստաբանը հղում է կատարում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին, որով, ըստ նրա. «Բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է դատական ակտ կայացնելիս, այլեւ պետք է պատճառաբանի, թե ինչո՞ւ է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին»: Նմանատիպ գործերից փաստաբանը հիշատակում է Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ «Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի եւ այլոց» թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործը եւ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը:

Զրուցակցիս՝ Ղեւոնդ Պապոյանի գնահատմամբ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի պատճառաբանել, թե ինչո՞ւ է մերժել իր կողմից նեկայացված բոլոր ապացույցները. «Փաստորեն, վերաքննիչ դատարանի որոշ դատավորներ ցանկանում են ապացուցել հանրությանը, որ իրենք անպատժելի են եւ կարող են շարունակաբար թույլ տալ ցանկացած ապօրիություններ եւ չպատժվել, ավելին՝ կարող են պատժել նրանց, ովքեր կհամարձակվեն բարձրաձայնել իրենց ապօրինությունների մասին»: Փաստաբանը բողոք է ներկայացնելու վճռաբեկ դատարան:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարը՝ հեղինակի
Հ.Գ.- Քաղաքացին ինքն է ընտրում փաստաբանական, իրավաբանական ծառայություններից օգտվելու ձեւը: Քաղաքացին պայմանագիր է կնքում, տալիս լիազորագիր, եւ նրա աչքի առաջ են կատարվում իր ընտրած փաստաբանի գործողությունները: Նա կարող է գնահատել՝ վճարելով փաստաբանին եւ կամ հրաժարվելով նրանից: Տվյալ դեպքում, կարեւորն այն չէր, թե քանի նիստի է մասնակցել փաստաբանը, ինչն արձանագրել էր վերաքննիչ դատարանը, այլ՝ արդյունքն է եղել, ինչը գոհացրել է նրա վստահորդին:

 

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031