Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինցիների գլխում չի տեղավորվում «եղբայրական» այս պայքարը

Մարտ 24,2016 14:00

Առաջիկայում Հայաստանի մարզերի որոշ քաղաքներում, այդ թվում՝ նաեւ Թալինում, քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ են: Մարտի 18-ը Թալինի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունների թեկնածուների առաջադրվելու վերջին ժամկետն էր: Քաղաքապետի 4 թեկնածու է գրանցվել: Թե ովքե՞ր են առաջադրվել եւ ի՞նչ են մտածում նրանց թեկնածության շուրջ թալինցիները, փորձեցինք պարզել տեղի բնակիչներից: Պարզվեց, որ Թալինի քաղաքապետի թեկնածուներն են՝ դաշնակցական (կամ դաշնակների աջակցությունը վայելող) Տիգրան Հարությունյանը, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, ում սատարում է նախկին մարզպետ, հանրապետական Սարգիս Սահակյանը, առաջադրվել է նաեւ տարիներ առաջ Թալինի երբեմնի քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանը (պաշտոնավարել է մինչեւ 2000 թվականը): Նրան սատարում է նախկին «Օրինաց Երկիր», այսօր՝ «Հայկական վերածնունդ» անվանված կուսակցությունը: Ամենազավեշտալին՝ առաջադրվելու վերջին օրը, որպես «կինդեր սյուրպրիզ», թեկնածու է գրանցվել նաեւ Գուրգեն Գրիգորյանի եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, ով աշխատում է մարզպետարանում, որպես կոմունալ բաժնի պետ… Թալինցիների գլխում չի տեղավորվում «եղբայրական» այս պայքարը: Ոմանք ասում էին, որ Գեւորգին պարտադրել են կամ համոզել, ոմանք էլ՝ թե դա նախկին մարզպետի, այսօր գործազուրկ Սարգիս Սահակյանի խաղերն են, ում թեկնածուին իրենք չեն ընդունել եւ չեն ընդունի, քանզի նա պաշտոնավարման 4 տարիներին ոչինչ չի արել Թալինի ու թալինցիների համար, հակառակը՝ արած վատությունն է շատ, որ Թալինը կառավարում էր ոչ թե նա, այլ նախկին մարզպետը, ով պաշտոնաթող լինելուց հետո փորձում է ամեն կերպ իր դիրքերն ամրացնել Թալինում:

Թալինցիներն այնքան էին զարմացած նախընտրական զարգացումներով, որ հաճախ կրկնում էին՝ հո զորբայությամբ քաղաքապետ չե՞ն դառնում, որ այդպիսի բան Թալինը դեռ չի տեսել, արյունը հո ջուր չի՞ դառնում: Սկզբում թալինցիները կարծում էին, թե հիմնական պայքարը գնալու է հանրապետական ու դաշնակցական թեկնածուների միջեւ (ի դեպ, վերջինիս լավ չէին ճանաչում՝ ի տարբերություն գործող քաղաքապետի), իսկ երբ առաջադրվեց Գուրգեն Գրիգորյանը, նախկին մարզպետ Ս. Սահակյանը կարծես լուրջ վտանգ զգալով՝ խորհեց նրա ձայները տրոհելու շուրջ եւ ահա ասպարեզ բերեց նրա եղբորը:

Ինչպես երեւում է՝ բավականին գունեղ է քաղաքական ներկապնակը Թալինում եւ այնպիսի զգացողություն էր, որ կարծես քաղաքը ոչ թե ընտրությունների, այլ թատերական ներկայացման էր սպասում:
Գ. Ա.

 

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031