Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյանը՝ ազգային գրականության ու համամարդկային տիեզերաբանության ճանապարհը չփակելու մասին

Մարտ 24,2016 13:30

Գրականագետ եւ թարգմանիչ Անուշ Սեդրակյանի շնորհիվ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը հայերեն հասու կլինի մեր ընթերցողին: «Զանգակ» հրատարակչության հրատարակած այդ գիրքը համաշխարհային բեսթսելլեր է, այն արդեն թարգմանվել է 40 լեզվով:

Ծագումով աֆղան Խալեդ Հոսեյնին գաղթականության դժվարությունները հաղթահարելով՝ հասել է ԱՄՆ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թարգմանիչը՝ Անուշ Սեդրակյանը. «Նա շատ վեպեր է գրել, սակայն ամենահայտնին այս երկու վեպերն են՝ «Օդապարուկ թռցնողը» եւ «Եվ արձագանքեցին լեռները»: Երկուսն էլ խոշոր վեպեր են եւ միանգամից տալիս են այն դրաման, որը շատ մոտիկ է հային՝ իր ճակատագրականության սկզբունքով, դժվար ուղու հաղթահարումով: Այն նաեւ միաժամանակ տալիս է ազատ աշխարհի պատկերը, որտեղ հին ավանդական մտածողության եւ կեցության մարդը խնդիր ունի իր տեղը գտնելու: Ահա այսպիսի վեպ է «Եվ արձագանքեցին լեռները», որտեղ միեւնույն ժամանակ բախվում են ավանդական եւ ժամանակակից կարգերը, որտեղ երեւում է մարդու ողբերգությունը: Ցանկացած հերոս Խալեդ Հոսեյնիի վեպում դժբախտ է յուրովի, բայց այդ դժբախտությունը մեղմ, ներհուն դժբախտություն է, հեղինակը այն չի փաթաթում իր ընթերցողի վզին»:

Մի քանի օտար լեզվի տիրապետող թարգմանչից հետաքրքրվեցին, ինչո՞ւ հենց այս գործն ընտրեց: «Ես անսահման շնորհակալ եմ, որ «Զանգակը» ինձ հնարավորություն տվեց թարգմանել հենց այս վեպը, որովհետեւ եթե այս վեպը ինձ չառաջարկվեր, երեւի ես այն չգտնեի համաշխարհային գրականության խաչուղիներում: «Եվ արձագանքեցին լեռները» շատ հանրահայտ է Հայաստանի սահմաններից դուրս: Այդ վեպն ունի այն ամենը, ինչը միացնում է հայ ճակատագիրը համաշխարհային ճակատագրերի հետ: Այդ վեպի ընթերցման եւ ըմբռնման հետ մեկտեղ գալիս է այն հասկացությունը, որ մենք միայնակ չենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմական զարգացման որեւէ փուլում ունենում է ե՛ւ ողբերգություններ, ե՛ւ դժվարություններ, ու խնդիրը ոչ թե այդ ողբերգության անընդհատ թմբկահարումն է, այլ վերլուծությունը եւ հաղթահարման ճանապարհները: Այդ վեպում ե՛ւ վերլուծություն կա, ե՛ւ հաղթահարման ճանապարհ: Ինձ շատ գրավեց նաեւ վեպի բացառիկ կոմպոզիցիոն համակարգը՝ վեպը կարծես բաղկացած է մի շարք անավարտ պատմություններից, որոնք գալիս-միաձուլվում էին մեկ ընդհանուր պատումի մեջ: Այնպիսի տպավորություն էր, որ ունենք մի մեծ գետ՝ իր վտակներով: Նման տեսողական իլյուզիա կար այդ վեպն ընթերցելիս: Որպես գրականության մասնագետ եւ թարգմանիչ՝ վեպը թարգմանելիս միանգամից մի քանի ոճական տարբերակ շարադրելու մարտահրավերի առաջ էի կանգնել: Դա մարտահրավեր էր, որը հաղթահարելը գերագույն հաճույք էր»,- պատասխանեց տիկին Սեդրակյանը:

Anush_Sedrakyan-2
Խնդրեցինք խոսել իր պատկերացմամբ՝ բարձր գրականության չափանիշներից: Անուշ Սեդրակյանը դա այսպես բանաձեւեց. «Առաջին հերթին դա ստեղծագործության կոմպոզիցիոն եւ բովանդակային նորարարությունն է։ Մյուսը բառային նորամուծություններն են: Եթե տեսնում եք, որ ստեղծագործության մեջ կա անհատական բառամթերքի հեղինակային մոտեցում, դա նույնպես որակի նշան է: Երրորդը ստեղծագործության մեջ եղած փիլիսոփայական ու մշակութաբանական աղերսներն են, որոնք պետք է լինեն ժամանակակից, մոդեռն մարդուն բնորոշ ու սոսկ բառեր չլինեն։
Եվ, իհարկե, բնավ պարտադիր չէ, որ ստեղծագործությունը հենց մեր դարդերի մասին լինի, ուժեղ կհամարվի այն, որ բացի էմոցիոնալ էմպատիայից, նաեւ ինտելեկտուալ էմպատիա առաջացնի»:

Ինչ վերաբերում է գրականության ազգային եւ միաժամանակ համամարդկային լինելուն, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Ես կարծում եմ, որ ազգային լինելու ամենակարճ ճանապարհը համամարդկային լինելն է, որովհետեւ եթե դու փորձում ես լինել զուտ ազգային, փակում ես համամարդկային տիեզերաբանության ճանապարհը: Եթե դու համամարդկային ես, քո ազգայինը երբեք որեւէ տեղ չի կարող կորչել: Դու ունես քո լեզուն, քո ավանդական մտածողությունը, ոճական յուրահատկությունը, եւ այդ ամենը, ուզած, թե չուզած, կմտնի գրականություն, բայց քո առջեւ դրված գլոբալ նպատակը եւ խնդիրը չի կարող լինել նեղ ազգային, որովհետեւ շատ գրականություններ են կործանվել հենց ազգային նպատակ հետապնդելու պատճառով»:

Իսկ երբեւէ կթարգմանի՞ այնպիսի գործ, որը պոպուլիստական իմաստով դուր կգար հայ ընթերցողին, բայց իր սրտով չէր լինի: Ի պատասխան՝ գրականագետն ասաց. «Այդ առումով ես էգոիստ մարդ եմ, կթարգմանեմ միայն այն գիրքը, որը ինձ դուր կգա»:
Զրույցի ավարտին Անուշ Սեդրակյանը նաեւ հավելեց, որ շատ կուզենար թարգմանել Էմիլ Աժարի «Աղավնյակը», որը, նրա ձեւակերպմամբ, այնքան էլ մերը չէ, բայց արժի անպայման թարգմանել:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031