«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ ծանոթացել եմ 2014 թ. ապրիլին Պրահայում, երբ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը՝ Հայաստանի վաստակավոր արտիստ, փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ, Չեխիայի հանդիսատեսի դատին ներկայացրեց հանրահայտ չեխ գրող եւ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսը: Դեռ այն ժամանակ պարոն Բարսեղյանի հետ քննարկել ենք առաջին փառատոնի արդյունքները եւ հետագայի ծրագրերը։
Ուրախ եմ, որ տարեցտարի մասնակիցների թիվը կտրուկ ավելանում է, փառատոնը ձեռք է բերում միջազգային մշակութային ձեռնարկի ձեւաչափ, որ այն ստանում է լայն ճանաչում եւ հասարակական հնչեղություն, արժանանում վաստակավոր արվեստագետների բարձր գնահատականին։
Կարեւորում եմ, որ այն ծառայում է իր բարձր նպատակներին. նոր անունների բացահայտմանը, երիտասարդ արվեստագետների փորձի փոխանակմանը։ Վստահությամբ կարող եմ նշել, որ մասնագիտական հանձնախմբի վաստակավոր անդամները փառատոնի միջոցով եւս հնարավորություն են ստացել իրենց հսկայական ստեղծագործական փորձը փոխանցելու երիտասարդ սերնդին։ Առավել գնահատելի է «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի նախաձեռնությունը հայ եւ օտարերկրյա ստեղծագործ երիտասարդներին մեկ տանիքի ներքո հավաքելու նախաձեռնությունը։ Արվեստը զարգանում է եւ Հայաստանում, եւ արտասահմանում, բայց այն չի կարող զարգանալ մեկուսացված։ Բնականաբար, հայ երիտասարդ արվեստագետների հրամայականն է պահպանել եւ կատարելագործել հայ արվեստի ավանդույթներն ու արժեքները։ Բայց մենք պետք է ունակ լինենք օտարի հետ փոխանակելու լավագույն փորձը։ Հաջողություն եմ մաղթում «ԱՐՏ ՖԵՍՏ» 2016-ին եւ հետագա փառատոներին։
Կարդացեք նաև
Տիգրան Սեյրանյան
Չեխիայում ՀՀ արտակարգ
եւ լիազոր դեսպան
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016