Բայց նախ՝ պետք է որոշել, թե որոնք են իրականում մեր նպատակները
Երբ որեւէ բառ գրում ես Ռուսաստանի մասին, կարեւոր չէ՝ լավ թե վատ, սկսվում է բուռն բանավեճ, թե ո՞րն է ավելի լավը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները: Դա տիպիկ «հայկական» վեճ է, որը հիմնված է ռոմանտիկ էմոցիաների եւ ոչ թե պետական պրագմատիզմի վրա: Քաղաքականության մեջ, համոզված եմ, վերացական «լավ ու վատ» չկա, կան երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, եւ Հայաստանի նպատակն է, բնականաբար, հնարավորինս օգտագործել այդ շահերը սեփական պետության նպատակներին հասնելու համար: Այդ նպատակների ձեւակերպումը, սակայն, մեզանում հստակ չէ, այստեղ էլ վարակված ենք ռոմանտիկ էմոցիաներով: Հիշում եմ՝ 93 կամ 94 թվականի Նոր տարվա ընդունելության ժամանակ դաշնակցական լրատվամիջոցի ներկայացուցիչը հարցրեց նախագահ Տեր-Պետրոսյանին, թե որն է, ի վերջո, մեր ազգային նպատակը: Նախագահը պատասխանեց. «Համենայնդեպս, Հայ դատը կամ Սեւրի պայմանագիրը չէ: Մեր ազգային նպատակն է պետության կայացումը»:
Դա, իհարկե, ճիշտ է, բայց բավարար չէ: Որովհետեւ պետք է կողմնորոշվել, թե ինչպիսի, ինչ տիպի պետություն ենք ուզում կառուցել՝ մի կողմ դնելով «հզոր», «ամուր», «բարգավաճ» քարոզչական մակդիրները: Եվ այս հարցի շուրջ պետք է, կարծում եմ, մտորեն աշխարհի բոլոր հայերը, եթե, իհարկե, նրանք անտարբեր չեն ազգային խնդիրների հարցում եւ ցանկանում են բարձրանալ կենցաղային փնթփնթոցի մակարդակից:
25 տարի եւ դրանից առաջ էլ Սփյուռքի հայկական կազմակերպությունները զբաղված էին հիմնականում Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ: Փառք ու պատիվ նրանց: Բայց եթե (ֆանտաստիկ ենթադրություն անենք) ՄԱԿ-ի անդամ 193 պետությունները ճանաչեն Ցեղասպանությունը, իսկ մեր պետությունը մնա այն վիճակում, որում հիմա է, ինձ թվում է՝ դա կլինի զուտ «բարոյական հաղթանակ»: Չգիտեմ՝ իրավունք ունե՞մ ինչ-որ բան առաջարկելու, բայց գուցե Սփյուռքի մեր եղբայրները մտածեն նաեւ այլ ազգային նպատակների մասին: ԼՂՀ ճանաչումը, այո, միանգամայն ուրիշ ու չափազանց կարեւոր խնդիր է՝ կապված մեր ժողովրդի անվտանգության հետ, եւ այդ առումով խիստ գնահատելի է ամերիկահայերի աշխատանքը, որի շնորհիվ ԱՄՆ 6 նահանգներ ճանաչել են արցախցիների ինքնորոշման իրավունքը:
Բայց թերեւս արժե «հասարակական մակարդակով» մտածել, թե ինչպիսի օգուտներ կարող է քաղել Հայաստան պետությունը ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԵՄ-ից եւ այլ պետությունների հետ իր հարաբերություններից: Թեեւ դրանից առաջ, կրկնեմ, անհրաժեշտ է վերադառնալ այն խնդրին, թե ինչ տիպի պետություն ենք մենք ուզում կառուցել: Այստեղ կոնսենսուս չկա, բայց ինձ թվում է, որ դա նախեւառաջ պետք է լինի մի պետություն, որտեղ քաղաքացիները վստահում են ընտրությունների արդյունքներին, որտեղ դատարաններն անկախ են, լրատվամիջոցները լիակատար ազատություն են վայելում, որտեղ քաղաքացիների մեծ մասը հավատում են պետական ինստիտուտներին: Կարո՞ղ են Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները դրան նպաստել: Ինձ թվում է՝ այո, եթե իրենց կառավարությունների ուշադրությունը դարձնեն այդ խնդիրների վրա եւ չսահմանափակվեն միայն «հայդատական» հարցերով: Դա «տղա բերել», «ներքին գործերին միջամտել» չէ, առարկայական օգնություն է մեր պետությանը՝ ոչ թե իշխողներին փոխելու, այլ ինստիտուտները զարգացնելու առումով:
Կարդացեք նաև
Մեր հասարակությունն, իհարկե, այստեղ առաջնակարգ դեր պետք է ունենա: Մեզանում հաճախ է պատահում, երբ եվրոպական կամ ամերիկյան որեւէ կառույց շահագրգռվածություն է ցուցաբերում Հայաստանի հասարակական սեկտորի հետ համագործակցելու, իշխանությունը գտնում է կամ հիմնում է ինչ-որ «գոնգո»` government organized non-governmental organization (պետականորեն կազմակերպված ոչ պետական կազմակերպություն), ստեղծվում են գրասենյակներ, թղթի վրա իրականացվում են ծրագրեր, եւ վերջ՝ համագործակցությունը մեռած է: Մինչեւ Վաշինգտոնի կամ Բրյուսելի ծանր եւ դժվարաշարժ բյուրոկրատական ապարատը դա հասկանում է, տարիներ եւ տասնամյակներ են անցնում: Դա, իհարկե, առաջին հերթին Վաշինգտոնի եւ Բրյուսելի խնդիրն է, բայց նաեւ՝ մերը:
Անշուշտ, հայաստանյան հասարակությունը մեր պետության շահերից ելնելով պետք է կապեր զարգացնի նաեւ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, որքան հնարավոր է՝ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Բայց դրա մասին՝ հաջորդ անգամ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016
Համաձայն եմ լրիվ:Գնահատում եմ Ձեր դիրքորոշումը-որին հարուր տոկոս կողմ ե:
Մի բանի վրա եմ զարմանում- էս տեսակ տրամաբանությունը և մոտեցումը մյուս դեպքերում ու՞ր ա կորում:
մէջբերում՝
«Հիշում եմ՝ 93 կամ 94 թվականի Նոր տարվա ընդունելության ժամանակ դաշնակցական լրատվամիջոցի ներկայացուցիչը հարցրեց նախագահ Տեր-Պետրոսյանին, թե որն է, ի վերջո, մեր ազգային նպատակը: Նախագահը պատասխանեց. «Համենայնդեպս, Հայ դատը կամ Սեւրի պայմանագիրը չէ: Մեր ազգային նպատակն է պետության կայացումը»: ……………………………………………………………………………………….
Մինչդեռ, անկէ երեք տարիներ առաջ միայն, նոյն ինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր իսկ ձեռքով եւ նուրբ մատներով, ստորագրած էր «ՀՀ Անկախութեան Հռչակագիր» կոչվող ինչ-որ մի թուղթ, որ բառացիօրէն կը հաստատէ անոր հիմունք կազմող՝ «[պատասխանատվության գիտակցութիւնը] հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում»:
. Համայն հայութեան իղձեր,
. պատմական արդարութեան վերականգնում,
. եւ առ այդ՝ պետական պատասխանատուութեան գիտակցութիւն, հայ ժողովրդի ճակատագրի առջեւ :
Նոյն ԼՏՊ-ին հիմնած կուսակցութեան անվան մէջտեղ զետեղված էր նաեւ «համազգային» բառը: Էն վախտը, նաեւ յաճախ կը լսէինք «համահայկական» բառը:
Ուրեմն երեւի, 1988-90 թուականներին, այդպիսի մեղրապատ խօսքերով պէտք է որ Լեւոն Տէր-Պետրոսեանը խաբէր Սփիւռքը, քանի որ – նիւթական եւ քաղաքական – կարիքը ունէր անոր: Իսկ մի քանի տարի յետոյ արդէն, կարելի էր այեւս լա՜ւ մը սեղմված կիտրոնը մէկդի նետել… Հեգնական, ինքնագոհունակ քմծիծաղով…
Պարզապէս ջանացէք գոնէ հասկնալ թէ այս էական պատճառներով է որ Սփիւռքը – ինչպէս նաեւ Հայաստանի (այնտեղից դուրս չփախած) ժողովուրդի լուռ մեծամասնութիւնը, շատ ել խնդիր չունեն, յաջորդող վարչակարգերի հետ:
Իսկ նաեւ, անհասկնալի է թէ ինչպէս վերոյիշեալ անձը Հայաստանում շատ զարգացած ու խելացի մարդու տեղ կ’անցնի, երբ որ փաստօրէն անկարող է հասկնալու այդ ամենատարրական միտքն ու սկզբունքը թէ՝ տարբերութիւն չկայ, այլ ընդհակառակն, Հայոց Պետութեան կայացման եւ մեր այդ միւս ազգային նպատակների միջեւ, զորս ինք – եւ երբեմն ալ այստեղ, յարգելի Խմբագիրը – կը սիրեն հեգնել ու ծաղրել:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Յ.Գ. Ի դէպ, վերեւ պարզված այդ ամենատարրական իրականութիւնը ԼՏՊ-ն եւ Հայաստանում իր նմանները անկարող են հասկանալու, սակայն վստահ եղէք որ Թուրքերն ու իրենց դաշնակիցները շատ լաւ գիտեն, ըմբռնած ու հասկցած են, եւ ըստ այնմ կը վարեն իրենց քաղաքականութիւնը – եւ կը մղեն իրենց յարձակումներ – :
Եթէ կարծում էք թէ, ուրանալով մեր այդ ազգային իրականութիւնը, Հայաստանի հիմնական խնդիրները պիտի լուծէք, երեւի ձեր երազանքը շատ աւելի անհիմն ու անիրապաշտ են, քան թէ Արարատի վերատիրանալու հայերի ըղձանքը: