Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը «Երեւան» համերգասրահ ունեցավ

Մարտ 24,2016 11:30

Ըստ «Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար
Լեւոն Իվանյանի, իրենք բազմաժանր գործունեություն կծավալեն

Վերջին տարիների կամ ուղղակի տասնամյակների ընթացքում առավել հաճախ են հնչում կարծիքներ, որ Երեւան քաղաքում համերգասրահները քիչ են եւ եղածներն էլ խորհրդային ժամանակների շինություններ են՝ իրենց հզորություններով եւ այդ ժամանակներին հատուկ անճկուն առանձնահատկություններով, ժանրային եւ մեծապաշտական դրույթներից բխող ճարտարապետական հորինվածքներով: Քաղաքատնտեսական նոր հարաբերությունները իրենց ազդեցությանն են ենթարկում ոչ միայն երկրներին ու պետություններին, այլեւ գիտական եւ մշակութային ոլորտներին: Նոր տեսակի կյանքը իր խմբագրումներն է պահանջում, որն արտահայտվում է, օրինակ, ավելի ճկուն լինելու պահանջով, ավելի փոքրակազմ, շարժունակ եւ «ճամփորդական» լինելու անհրաժեշտությամբ եւ առավել բազմաժանր եւ բազմաֆունկցիոնալ լինելու ընդգրկմամբ:

Մամուլի շենքում գտնվող «Երեւան» համերգասրահը «ծնունդ է առել» բոլորովին վերջերս, երբ այնտեղ դադարեց գործել նախկին «Երեւան» հեռուստաընկերությունը: Շենքի այդ հատվածի ճարտարապետական հորինվածքը իրենից ներկայացնում է կիսաշրջանաձեւ ասպարեզ, որի հիման վրա դահլիճն ու բեմը ձեւավորվեցին որպես հին հունական դասական ամֆիթատրոն, որը մասնագիտական լեզվով ասած՝ թատերական շենք-կառույցի ամենասկզբնական ձեւն է, նախատիպն ու նախակարապետը: Ամֆիթատրոն-դահլիճը հարմար միջավայր է բեմական բազմաժանր գործունեություն ծավալելու համար: Ի դեպ, ամֆիթատրոնները հին ժամանակներում ծառայում էին որպես քաղաքային ու քաղաքական, ստեղծագործական ու փիլիսոփայական, ավանդածիսական ու բանախոսա-հռետորաբանական բազմաֆունկցիոնալ միջավայր: Այդտեսակ բեմը հարմար է ներկայացումների, համերգների, բանախոսությունների համար: Ներկա ժամանակներում այդ ամենին կգումարվեն բեմական արվեստների էկրանային եւ «շոու» տեխնոլոգիական նվաճումների տարրերը՝ դրանով առավել բազմաժանր դարձնելով ամենաերկարակյաց թատերադահլիճային շինությունը:

«Երեւան» համերգասրահը օրերս թատերականացված դասախոսությամբ սկսեց իր թատերահամերգային գործունեությունը: Մարտի 17-ին Եղեգնաձորի հեղինակ կատարողների երեւանյան համերգով սկսվեց մարզերի մշակութային միավորների համար կենտրոն դարձող համերգասրահի պարբերական ելույթների հիմնադիր համերգը: Մարտի 19-ին իր ռիթմը շարունակեց ԼԻ-ԾՐԱԳԻՐԸ՝ «Հայաստանը-2050 թվականին» թատերականացված զրույցով: Մարտի 21-ին լեփ-լեցուն դահլիճում (350 տեղ) ներկայացվեց ժողովրդա-գուսանական երգի բացառիկ «համերգ-հրավառություն»՝ ժանրի պատանի երգիչների կատարմամբ՝ ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ համատեղ, որտեղ ամենացանկալի ձեւով ներդաշնակվում էին իրարու մասնագիտական փորձն ու երիտասարդությունը (սերունդների փորձի փոխանցումը, որն ըստ էության կրթական ամենամեծ նվաճումն է բոլոր ժամանակների համար):

Մարտի 23-ին կպահպանվի «Դասախոսական թատրոնի» շաբաթական երկանգամյա ռիթմը եւ մարտի 25-ին համերգով հանդես կգա «Հայասա» ֆոլկ -բենդ քառյակը՝ հայկական երգի ամենաինքնատիպ մատուցմամբ: Այս մասին «Առավոտին» հայտնեց ռեժիսոր, «Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանը:

«Իր հնագույն թատերական ձեւին համերգասրահը հավելում է մշակութային նորագույն ժանրերը եւ արդեն ձեւավորվում է որպես գերժամանակակից թատերահամերգային միջավայր, որտեղ ծրագրվում են եւ արդեն անցկացվում են դասախոսություններ, բանավեճեր, համերգներ, պատրաստվում են եւ շուտով կցուցադրվեն թատերական ներկայացումներ, նախապատրաստական փուլում են գտնվում կինոբանավիճային ցուցադրությունները եւ ամենակարեւորը՝ պատրաստվում է հիմնադրել եւ գործարկել «Երեւան» լուսապատկերային թատրոնը, որն իրենից ներկայացնում է 3D էկրանային անիմացիոն, բայց նաեւ փաստագրական էկրանային պատումներ, որտեղ հանդիսականը (մանուկ, պատանի, երիտասարդ, գիտություն եւ ճանաչողություն սիրող) ուղղակի «կմտնի» տիեզերք, որտեղ իրական նկարահանումներ է անցկացրել «Հաբլ» տիեզերանավը, Իվ Կուստոյի հետ միասին կսուզվեն համաշխարհային օվկիանոսի ամենախորքերը, կհայտնվեն BBC հեռուստաընկերության նկարահանած անտառներում ու կենդանական միջավայրերում եւ իհարկե՝ նաեւ երեւակայական պատկերներով կճանաչենք հայոց պատմությունը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը»,- հայտնեց պարոն Իվանյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031