Լրահոս
Օրվա լրահոսը

Հին եւ նոր հայերը

Մարտ 24,2016 10:04

1990-ականների առաջին կեսին մոդայիկ մի արտահայտություն կար` «նոր ռուսներ»: Դրա օրինակով կային նաեւ նոր հայեր, վրացիներ, մոլդովացիներ եւ այլն: Խոսքն այն մարդկանց մասին էր, որոնք շուկայական հարաբերություններին անցնելու ժամանակ բախտի բերմամբ թե պատահմամբ հարստացել են` ինչ-որ բան կարողացել են գողանալ խորհրդային հսկայական ունեցվածքից, խլել, սեփականաշնորհել եւ այլն: Անեկդոտներում եւ հումորային սկետչերում այդ մարդիկ ներկայացվում էին որպես իրենց անսպասելի «երջանկությունից» շշմած կերպարներ, որոնք ոչ խոսել, ոչ մտածել գիտեն եւ պատկերացում չունեին, թե ինչի վրա կարելի է իրենց փողը ծախսել` այդ ծախսերն անելով իրենց աղքատիկ պատկերացումների եւ ճաշակի սահմաններում: Մի խոսքով՝ ճիշտ ու ճիշտ մեր Ազգային ժողովի գործարար պատգամավորների նման:

Ինչպես տեսնում եք, այդ իմաստով «նոր ռուսներ» կամ «նոր հայեր» առաջվա պես կան: Պարզապես 20-25 տարի առաջ այդ երեւույթը նոր էր եւ արժանանում էր ինքնուս եւ պրոֆեսիոնալ երգիծաբանների ուշադրությանը, իսկ հիմա արդեն դարձել է սովորական, եւ դրա մասին գրում ենք մենք` լրագրողներս, երբ որեւէ այդպիսի «նոր հայ» իր մտքի մարգարիտներն է շաղ տալիս խորհրդարանում կամ էլ իր «թիկնազորի» մասնակցությամբ հերթական փոխհրաձգությանը կամ դանակահարությանն է մասնակցում: Զուտ բովանդակային առումով, սակայն, այդ հայերը «հին են», որովհետեւ նրանք իրենց առջեւ չեն դնում մեծ նպատակներ եւ ապրում են ինչ-որ բան փախցնելու սահմանափակ հոգեբանությամբ: Այդ մարդիկ խորհրդային ցեխավիկների, «համաժողովրդական սեփականությունը» թալանող պահեստապետերի եւ ռայկոմի կաշառակեր քարտուղարների ժառանգներն են:

Ընդհանրապես ես հաճախ առաջին իսկ հայացքից կամ առաջին իսկ խոսքից կարող եմ տարբերել հին ու նոր հայերին: Նա, ով փողոցն անցնում է կարմիր լույսի տակ կամ արգելված տեղում եւ հետո ցցվում է փողոցի մեջտեղում` վազվզելով մեքենաների արանքներում, նա հին է: (Բայց ուշադրություն դարձրեք` որքա՛ն են այս 10-15 տարում քչացել այդ «ցցվածները»): Նա, ով փողոցում ինձ հարցնում է` «ի՞նչ է լինելու էս ժողովրդի (ազգի, երկրի) վերջը», կամ` «հույս ունենա՞նք, որ լավ կլինի», նա հին է: Հին են նաեւ նրանք, ովքեր իրենց ամեն մի «պատում» ավարտում են` «Էս աշխարհը սաղ խաբելու վրա է» «փիլիսոփայական» եզրահանգմամբ:

Ինչումն է այս բոլոր մարդկանց «հնությունը»: Անկախ իրենց սոցիալական եւ նյութական կարգավիճակից՝ նրանք կարծում են, որ կարելի է ապրել իներցիայով, բուսական կյանքով` մի կողմից չսահմանափակելով սեփական մանր ձգտումները, մյուս կողմից` չձգտելով զարգանալ եւ ինքնակատարելագործվել: Այդպես կարելի էր ապրել` ներփակված լինելով ինքնաբավ խորհրդային համակարգում, որը մեր դեպքում ասիական բազարի տարբերակներից մեկն էր:

Բայց հատկապես վերջին 5 տարում ես ավելի ու ավելի շատ եմ տեսնում իսկական «նոր հայերի»: Նրանք, բնականաբար, հիմնականում երիտասարդ մարդիկ են, նրանք կարգապահ են եւ նպատակասլաց, գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, եւ ամենակարեւորը` չեն սպասում, որ ինչ-որ տեղից իրենց գլխին բարիքներ են թափվելու: Այդպիսի երիտասարդներ եմ ես տեսել «Դեմ եմ» շարժման շարքերում եւ Բաղրամյան փողոցում՝ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Առաջին պարբերությունում ոչ թե սեփականաշնորհել, այլ սեփականացնել: Սեփականաշնորհում է ինչ-որ մեկը իրեն պատկանող որեւէ բանը ինչ-որ մեկին: Իսկ սեփականացումն այն է, երբ եղածը ինքդ դարձնում ես քո սեփականությունը: Երբ 90 ականներին պետական բնակարանները պետության կողմից սեփականաշնորհվեցին քաղաքացիներին, այդ բառը, ցավոք, սխալ իմաստով սկսեց կիրառվել կենցաղում:

    • Սերգեյ says:

      Հարգելի Տիգրան, իսկ ո՞նց են թարգմանվում նույն հասկացողություւները ռուսերեն:Իրավաբանական տեկստերում “սեփականաշնորհել” թարգմանվում է “приватизировать”, իսկ “սեփականացնել” բառը բառառաններում սեփականացնել “присвоить”. Ողղակի ռուսերենում “присвоить” բառը օգտագործել իրավաբանական տեկստերում այդ առումով, երբ խոսքը գնում է բնակառանների մասին` սխալ է:

  2. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում Hayk ներկայացող օգտատիրոջ հայհոյախառն բառապաշարին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031