Այսօր ամբողջ աշխարհում ահաբեկչական պատերազմի հավանականության վտանգը հասել է ծայրահեղ աստիճանի: Թուրքագետի խոսքով, այդ կոնտեքստում Ռուսաստանը նույնպես կարող է լինել ահաբեկչությունների թիրախ:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի մեկնաբանմամբ, ռուս-թուրքական կոնֆլիկտի համատեքստում ահաբեկչական կազմակերպությունները, անհատ ահաբեկիչները, որոնք Թուրքիայում վերապատրաստվել են, վաղուց արդեն օրակարգային խնդիր է:
«Չմոռանանք, որ Չեչնիայի պատերազմի ժամանակ բազմաթիվ իսլամիստ գրոհայիններ հենց Թուրքիայի տարածքով էին տեղափոխվում ՌԴ, Թուրքիայում էին վերապատրաստվում ու վարժվում: Ռուս-թուրքական հարաբերություններում 90-ականներին այդ խնդիրը վերածվել էր բավականին մեծ կոնֆլիկտի: Այսինքն, ռուս-թուրքական հարաբերություններում այդ խնդիրն ունի նախապատմություն եւ շարունակական բնույթ»,- ասաց թուրքագետը:
Ըստ նրա, ներկայումս էլ ռուս-թուրքական լարված հարաբերությունների համատեքստում եւ մանավանդ Սիրիայում ռուսական զինուժի արձանագրած կարեւոր հաղթանակներից ու ստրատեգիական որոշակի տարածքներ զբաղեցնելուց հետո ակնհայտ է դառնում, որ պետք է ավելի ակտիվանա ահաբեկչական պատերազմը, անհատ ահաբեկիչների գործունեությունը:
Կարդացեք նաև
Այս ամենի մեջ Թուրքիան ունենալու է մեծ ներգրավվածություն, քանի որ բացահայտ է, որ այդ երկրի տարածքում գոյություն ունեն ահաբեկիչների վերապատրաստման ու վարժեցման, նաեւ առողջապահական ուղղվածություն ունեցող կենտրոններ: Այդ երկիրը վաղուց արդեն ծայրահեղ իսլամիստների համար շատ նպաստավոր պայմաններ է ստեղծել: Այդ երկրի ծայրահեղ իսլամիստ ահաբեկիչների համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ: Լայնամասշտաբ պատերազմում կորցնելով կարեւոր դիրքեր՝ Թուրքիան չկարողացավ ապահովել իր համար ձեռնտու զարգացումներ, հետեւաբար պետք է ավելի տուրք տա նման ոճի պատերազմական գործողությունների»:
Հիշեցնենք, որ իրենց «Քյաջի ալ Բիրուի» գրոհայիններ անվանող 16 կանայք Թուրքիայում պատրաստություն են անցել եւ եվրոպական երկրների տարածքով մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկություններ են ստացել ՌԴ ուժային կառույցները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ