Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի գինու գործարանը՝ Տավուշի մարզի խավար դարպասը

Մարտ 23,2016 22:21

Տավուշի մարզում խաղող ընդունող, վերամշակող ընկերություններից միայն «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է, որ պարտք է սահմանամերձ մարզի խաղողագործներին: Մեր տեղեկություններով՝ այդ գործարանը սկսած 2010 թվականից, ուշացրել է մթերված հումքի դիմաց վճարումները:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասաց, որ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը մարզի խաղողագործների հետ կնքված պայմանագրեր ունի, որոնցով հաստատված ժամանակացույցով վճարում է կես տարի առաջ մթերված խաղողի դիմաց:

Ըստ Վ. Սուքոյանի ՝ այդ վճարումները կկատարվեն մինչեւ ապրիլի 1-ը: Մարզպետարանի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը տեղյակ չէր,թե  գործարանն ինչքա՞ն գումար է պարտք Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների խաղողագործներին: Զանգահարեցինք Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանի բջջային հեռախոսահամարին: Նրան հարցրինք, թե ինչքա՞ն գումար են պարտք Տավուշի մարզի խաղողագործներին: Եգորյանն ասաց, թե այդ մասին մեկ այլ լրատվամիջոցի ինքը հարցազրույց է տվել, եւ այդ թեմայով այլեւս չի ցանկանում լրագրողներին տեղեկատվություն տալ:

Նայեցինք Իջեւանի գինու գործարանի ինտերնետային կայքը, ուր տեղեկություններ կային գործարանի պատմության արտադրանքի,առաքման շուկաների, բայց ոչ՝ խաղողագործներին ունեցած պարտքի մասին: Շքեղ, եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն կայքում գովազդային արտահայտություններ կան, օրինակ՝ «Իրավմամբ, Իջեւանի գինու գործարանը համարվում է Տավուշի մարզի դարպասը եւ իր անկրկնելի արտադրանքով աշխարհին է ներկայացնում Տավուշի մարզը եւ Հայաստան աշխարհը»:

Իջեւանն իր  աշխարհագրական դիրքով Տավուշի մարզի կենտրոնում է եւ չի կարող մարզի  դարպասը հանդիսանալ: Գինու գործարանը գտնվում է Իջեւանի հարավային մուտքին: Եթե  գործարանի շենքի ճակատին մի քանի էլեկտրական լամպ տեղադրվեր, գիշերները մարզկենտրոն Իջեւանի հարավային մուտքը՝ « Տավուշի մարզի դարպասը», խավարի մեջ չէր լինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031