Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները իրենց տետրերը, գրիչները գրքերը չեն փոխարինելու համակարգչով, այն ընդամենը լրացնելու գործիք է». Կարինե Հարությունյան

Մարտ 23,2016 20:22

Այսօր Նորագավիթի թիվ 98 դպրոցում մեկնարկեց «Թվային դարաշրջանի դպրոցներ» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում են Մայքրոսոֆթ Հայաստանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` Յունիքոմփ եւ Ինթել ընկերությունների հետ համատեղ:

Դպրոցի առաջին դասարանի 75 աշակերտներ ստացան Windows 10 սարքավորումներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես թաբլեթ, այնպես էլ դյուրակիր համակարգիչ: Սարքավորումները հատուկ ստեղծվել են կրթական նպատակներով կիրառելու համար:

Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն Լիանա Կորկոտյանը նշեց, որ կրթության ոլորտը իրենց համար կարևորներից է. «Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգչային սարքավորումները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, և երեխաները այսպես թե այնպես օգտվում են համակարգիչներից: Ցանկանում ենք այս ծրագրով համակարգիչների կիրառումը բերել դասարան: Ծրագիրը շատ ավելի արդյունավետ և հետաքրքիր կդարձնի դասապրոցեսը»:

20160323_120816 20160323_120821 20160323_120826

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վստահեցրեց, որ երեխան չի կտրվելու այն միջավայրից , որտեղ ինքը դասերից հետո հաճախ լինում է. «Մեր օրերում երեխաների կենցաղն առանց համակարգչի անհնար է պատկերացնել: Սա միջոց է, նրանց խաղի ձևով մատուցելու գիտելիքը. երեխաներն ուսուցիչների հանձնարարությամբ կկատարեն գործնական աշխատանքներ և ինտերակտիվ խաղերի միջոցով կամրապնդեն գիտելիքը»:

ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա չի գալիս փոխարինելու ավանդական դպրոցին. « Երեխաները իրենց տետրերը, գրիչները գրքերը չեն փոխարինելու համակարգչով, այն ընդամենը լրացնելու գործիք է ուսուցիչների և աշակերտների համար: Այսօր ուղղակի չի կարելի թույլ տալ, որ երեխան, որն ավարտում է դպրոցը չլինի մրցակցային իր կարողություններով, չկարողանա բացառապես տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին: Փոքր երեխաների համար շատ կարևոր են խաղային ուսուցման ձևերը, բազմաթիվ ուսուցողական ծրագրեր այսօր իրենց մեջ պարունակում են խաղային տարրեր, որ հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել, յուրացնել և չձանձրացնել` լրացնելով նրան, ինչ դպրոցը տալիս է: Սա ետ չի մղելու ավանդական դպրոցի ուսուցման ձևը այլ լրացնելու է, ճիշտ օգտագործման պարագայում»:

Լիանան ավելացրեց, որ հաջորդ համագործակցությունն ուրիշ դպրոցների հետ դեռ որոշված չէ. «Այժմ աշխատելու ենք մեր բոլոր ուժերը կենտրոնացնել այս դպրոցի վրա` ծրագիրը հաջողակ իրագործելու համար: Մեր մասնագետները օգնելու են, ուղղորդելու են ուսուցիչներին, փոխանակելու են իրենց փորձը: Այնպես չի լինելու, որ տեխնոլոգիան տրամադրեցինք և համագործակցությունն ավարտվեց»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031