Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ մեքսիկացի 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի միջեւ մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, ԱՄՆ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում:
Մարտի 26-ին, Արթուրը կմեկնի մրցավայր: «Առավոտ»-ի հետ զրույցում մարզիկն ասաց, որ լավ տրամադրություն և տրամադրվածություն ունի. «Անգամ մարզիչս գոհ է իմ մարզավիճակից: Միշտ չէ, որ այդպես է լինում»,- ասաց Արթուրը: «Ինչպես միշտ` գնում եմ ռինգ հաղթելու: Այս մենամարտն ավելի քան պարտավորեցնող է, քանի որ ԱՄՆ-ում է, իսկ ԱՄՆ-ը բոլոր բռնցքամարտիկների համար էլ երազանք է»,- նշեց Արթուր Աբրահամը: «Մարտի 26-ին մեկնելու եմ ԱՄՆ, այնտեղ էլ, ինչպես հիմա, օրական 2 անգամ կշարունակեմ մարզվել: Պետք է պահպանեմ այս մարզավիճակս, եւ ի վերջո ապրիլի 9-ին պետք է հաղթեմ»,- եզրափակեց Արթուր Աբրահամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի