Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն և կոռուպցիա. ի՞նչ ազդեցություն ունի կոռուպցիան կրթության որակի վրա

Մարտ 23,2016 19:40

Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ քննարկումներն ակտիվացել են, թե ինչ արդյունք կտան դրանք դժվար է կանխատեսել, սակայն կարևոր առաջընթաց է նաև խնդրի ընդունումը պաշտոնյաների կողմից, որոնցից շատերը նախկինում այս հարցերի բարձրացումն անգամ համարում էին չափազանցված:

Ճիշտ է` վերջին երկու տարիների ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գնահատականներով կրթության համակարգը «ամենակոռումպացվածների եռյակից» դուրս է մնացել, սակայն 2013-ին իրականացված «Կոռուպցիայի գլոբալ բարոմետր» ուսումնասիրության համաձայն, հարցվածների 58 տոկոսը կրթական համակարգը համարել են «կոռումպացված», իսկ 66 տոկոսը` «ծայրահեղ կոռումպացված»:

Կրթության ոլորտի խնդիրների, կոռուպցիայի և ընդհանրապես բարեվարքության հարցերի ամբողջական ուսումնասիրությունն իրականացվել էր 2014 թվականի ընթացքում, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:

Ուսումնասիրության հիմնական արդյունքներն ամփոփելով 2015-ի տարեվերջին` «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթության ոլորտում» վերտառությամբ հետազոտության մեջ, հեղինակները կարծում են, որ սա հնարավորություն է տալիս Հայաստանի միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ավելի նոր, կառուցողական և արդյունավետ ուղիներ գտնելու:

Հետազոտության համաձայն, կրթության ոլորտում իրականացված բարեփոխումներն այդպես էլ չլուծեցին հիմնախնդիրները, որոշ դեպքերում անգամ ստեղծեցին կոռուպցիոն նոր ռիսկեր:

Միջնակարգ դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ աշակերտները և ուսանողները գիտեն տեղի ունեցող խախտումների մասին: Օրինակ` բուհերի ուսանողների զգալի մասը` 72.5 տոկոս, ասել է, որ իրենց բուհերում կա կոռուպցիա, իսկ 31.1-38,9 տոկոսը կարծում է, որ դասախոսների 50-75 տոկոսը ներգրավված են կոռուպցիոն սխեմաների մեջ:

Միջնակարգ դպրոցներում հարցմանը մասնակցած 452 աշակերտներից 172-ը (38%) ասել են, որ իրենց դպրոցներում կոռուպցիա կա, միայն 19,9%-ն է հերքել կոռուպցիայի առկայությունը: Կոռուպցիայի գոյության մասին հայտարարած աշակերտների 36 տոկոսն ասել է, որ իրենց ծնողները կաշառք տվել են մեկ անգամ, 38 տոկոսը` մի քանի անգամ, իսկ 26 տոկոսը` պարբերաբար:

«Կոռուպցիան կրթության ոլորտում այնքան է խորացած, որ ըստ էության, դարձել է ապրելակերպ», -այս կարծիքին է կրթության ոլորտի փորձագետ, դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Դա, ըստ փորձագետի, ունի պատճառներ, որոնցից էլ հենց ցածր աշխատավարձն է:

«Կրթության ոլորտում ուսուցիչները, կառավարիչները բավական ցածր աշխատավարձ են ստանում և որպեսզի բավարարեն իրենց պահանջմունքները մարդիկ ստիպված գնում են այդպիսի քայլերի»,- նշում է Խաչատրյանը` հավելելով.

«Կոռուպցիան այնքան խորն է արմատացած, որ կրթության համակարգը արժեզրկում է: Օրինակ` երեխայի գիտելիքները շատ ցածր են, դուք ուզում եք բարձր թվանշան, ես էլ եմ ուզում բարձր թվանշան, որպես դպրոցի տնօրեն կամ ուսուցիչ, որովհետև եթե իմ թվանշանները ցածր լինեն, ինձ կպատժեն: Դրա համար մենք դիմում ենք գործարքի, դուք ինձ գումար եք տալիս, ես ձեզ` թվանշան: Երկուստեք շահավետ փոխգործակցություն է ստացվում: Իմ երեխայի թվանշանը բարձր է, մյուս կողմից էլ դպրոցի ցուցանիշն է բարձր լինում», -պատկերավոր ներկայացնում է Խաչատրյանը:

Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կոռուպցիայի վտանգավոր դրսևորում է առանձնացնում` կրթական հաստատությունների քաղաքականացված լինելը` համարելով, որ «ողջ կրթական համակարգը քաղաքականացված է և ծառայեցվում է իշխանության վերարտադրմանը»:

Բարսեղյանի խոսքով, հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունում տնօրենները իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են: Ավելին, դպրոցների անձնակազմը համապետական ընտրությունների ժամանակ ակտիվ ներգրավվում է ընտրական գործընթացներում՝ թե նախընտրական քարոզչության ժամանակ, թե բուն քվեարկության ընթացքում:

Հետազոտությունը ևս բարձրացնում է այս խնդիրը, շեշտելով, որ դպրոցների կառավարման խորհուրդների կազմավորման և գործունեության ներկայիս օրենսդրական կարգավորումը չի պարունակում այդ մարմինների գործունեության մեջ շահերի բախումը սահմանափակող դրույթներ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը պարզաբանում է, որ հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացներում, դպրոցների ուսուցիչների, տնօրենների նշանակման հարցերում, բյուջեի ձևավորման ու հաստատման մեջ:

«Թվում է, թե դպրոցների ուսուցիչների կամ տնօրենների պաշտոնների համար պայքարը պետք է մրցակցային լինի, բայց միևնույն է, մի քանի թեկնածուի անցնելու դեպքում որոշումը մնում է վերադաս մարմնին ու այստեղ սուբյեկտիվիզմը շատ մեծ է ու դրանից բխող կոռուպցիոն ռիսկերը` շատ բարձր:

Ու արդյունքում դպրոցի տնօրենի կամ ուսուցչի պաշտոնում հայտնվում են մարդիկ, ովքեր հեշտ կառավարելի են, ովքեր ավելի վերադասների ծանոթ-բարեկամն են և այլն»,-իրենց կատարած ուսումնասիրության հիման վրա փաստում է Նազարյանը:

Կրթության և գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը անկեղծ է, և ինքն էլ կարծում է, որ իր ղեկավարած համակարգում կոռուպցիա կա: Բայց նա վստահ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է լինի միայն իր ղեկավարած գերատեսչության գործը:

Ashotyan

«Եթե հարցադրումն ի սկզբանե դնում ենք, որ կոռուպցիայի պայքարի համար պատասխանատու է մի գերատեսչություն, ապա ակնհայտ է, որ այս խնդիրը չի կարգավորվի, որովհետև կոռուպցիոն երևույթների հանրային ընկալման մշակույթը հանդուրժող է»,- կարծում է նախկին նախարարը:

Օրինակ, նրա խոսքով, դպրոցներում աշակերտների ծնողների, իսկ բուհերում ուսանողության մի զգալի զանգված շահագրգիռ է այլընտրանքային եղանակներով գնահատական կամ քննություն ստանալու մեջ, հետևաբար, ոչ մի նախարար, ոչ մի օրենք չի կարող փոխել այս երևույթը, եթե չփոխվի մտածողությունը, եթե կոռուպցիայի նկատմամբ չձևավորվի զրոյական հանդուրժողականության մշակույթ:

Արմեն Աշոտյանը պնդում է, որ պայքարը յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից, ոչ թե ահազանգել և սպասել, թե նախարարն ինչ է անում:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը և իր հետ աշխատող մի շարք հասարակական կազմակերպություններ տարիներ շարունակ մեր ընդդիմախոս գործընկերներն են եղել: Ցանկանալով միավորել հասարակության բոլոր առողջ ուժերին, համաձայնեցինք քննարկել իրենց իսկ պատրաստած զեկույցը:

Այդ աշխատանքն արել է բավական արհեստավարժ մարդկանց խումբ, և մենք ցանկություն ունենք իրականում ստեղծել կրթության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարող ուժերի համադրման հարթակ, նույնիսկ ունենալով քաղաքական կամ քաղաքացիական տարբեր պատկերացումներ»,-խոսելով ոլորտում կատարված ուսումնասիրության մասին` ասել էր նախկին նախարարը:

Մինչ իրական պայքարն այս ոլորտում կտա արդյունքներ, իրավիճակն առավել խորացնում է խնդիրը` կոռուպցիան դարձնելով կրթության որակի բարձրացման լուրջ խոչընդոտ:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը պնդում է, որ կոռուպցիան նախ և առաջ աղավաղում է կրթության արդյունքները, ազդում կրթության որակի վրա:

Serob

«Կոռուպցիայի պատճառով կարող են կեղծվել կրթության արդյունքները, մրցակցությունն անարդար լինի, ինչն էլ ազդում է կրթության որակի վրա: Մյուս ազդեցությունն այն է, որ կոռուպցիայի պատճառով կարող է կադրային քաղաքականությունը սխալ տարվի, օրինակ` անարժան մարդիկ դառնան տնօրեն կամ ուսուցիչ ու այդ ամեն ինչը կազդի հետագայում ուսուցման որակի վրա: Կոռուպցիան շատ մեծ հարված է պրոֆեսիոնալիզմի մշակույթին, կորում է պրոֆեսիոնալիզմի մշակույթը և արդյունքում կորում է հավատը արդարության նկատմամբ, և կոռուպցիան բերում է ավելի խորքային ճգնաժամի», նշում է փորձագետը:

Այսօր, նրա կարծիքով, Հայաստանի կրթության ոլորտում ճգնաժամ կա, քանի որ հենց ընդհանուր վստահությունն է կորել ոլորտի նկատմամբ:

Նազարյանի դիտարկմամբ, մասնավորապես դպրոցներում գնահատականների շուրջ պայմանավորվածությունը ուսուցիչների և ծնողների միջև հեշտ է ստացվում, քանզի ծնողների գերակշիռ հատվածին հետաքրքրում է միայն գնահատականը և ոչ թե կրթության որակը:

«Ինչպե՞ս անել, որ ձևավորվի հանրային պահանջ որակյալ կրթություն ստանալու համար, շատ դժվար խնդիր է և դրա շուրջ մենք էլ, ինչպես ասում են, գլուխ ենք կոտրում, որպեսզի ծնողների մոտ շահագրգռվածություն առաջացնենք»,- նշում է Լիլիթ Նազարյանը:

Կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 25-ին հաստատել էր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Ըստ ռազմավարության՝ առաջնահերթությունը տրվելու է չորս ոլորտների, որտեղ հակակոռուպցիոն միջոցառումներ կիրականացվեն` առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում և ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայություններ:

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը շեշտում է, որ չնայած կան հակակոռուպցիոն ծրագրեր, ավելին` ռազմավարություն, բայց խնդիրները դեռ մնում են չլուծված.

«Ամբողջ խնդիրը հետևյալն է` կա վստահության պակաս հասարակության շրջանում, իսկ դա հանգեցնում է նրան, որ եթե նույնիսկ ինչ-որ միջոցառումներ են իրականացվում, քայլեր են կատարվում, ապա դա լուծման չի բերում, որովհետև մենք իրար չենք հասկանում: Շատ դեպքերում ես ցույց եմ տալիս, որ ես չունեմ կոռուպցիա: Այսինքն` սա բերում է նրան, որ իրականում ոչ թե խնդիրը լուծվում է, այլ թաքցվում է: Այսինքն` մարդիկ փորձում են թաքցնել և դա անել գաղտնի»,- եզրակացնում է Խաչատրյանը։

Կրթության և գիտության նախարարությունը, այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում որոշ քայլեր իրականացնում է, օրինակ՝ տոներին ընդառաջ շրջաբերականներով պահանջում է պարտադրված դրամահավաքություն չիրականացնել դպրոցներում: Ինչևէ, ոլորտում մասնագետները լիահույս են, որ տարբեր ծրագրերի, ռազմավարությունների արդյունքում իրականացվող բարեփոխումները պտուղներ կտան և կրթական համակարգում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը կգերակշռի:

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,

email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031