«Ես կարծում եմ, որ դատավորը իր արդեն իսկ դրսեւորած վարքագծային ուղղությունից որեւէ շեղում թույլ չի տալիս»,- մարտի 23-ին Վարդգես Գասպարիի գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց վերջինիս պաշտպան Լուսինե Հակոբյանը:
Նա նշեց, որ դատավորը խախտում է Գասպարիի արդար դատաքննության իրավունքը. «Միանշանակ, սա խախտում է, այն պարագայում, երբ արդեն նիստին ներկայացրեցինք պատճառները, թե ինչու Վարդգես Գասպարին չի կարողացել մասնակցել այդ նիստին, մասնավորապես հայտարարել է, որ նա առանց իր պաշտպանների չի ցանկանում մասնակցել նիստին, քանի որ մասնագիտական օգնության կարիք ունի: Մենք մեր հերթին ծանուցված չենք եղել դատական նիստի մասին, հետեւաբար՝ մեր բոլորի բացակայությամբ՝ պաշտպանական կողմի բացակայությամբ հետազոտվել են ապացույցները: Ինչի կապակցությամբ միջնորդեցինք վերսկսել դատաքննության փուլը՝ ապացույցների հետազոտության մասով միայն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք մասնակցելու այդ փուլին, եւ անելու մեր հայտարարությունները, ինչը ընդհանրապես քննության չառավ դատարանը, ինչի իրավասությունը չունի, որովհետեւ պարտավոր է քննել միջնորդությունները, կա՛մ բավարարել, կա՛մ մերժել դրանք: Անհասկանալի գործողություններ է իրականացնում»:
Դատական նիստի ընթացում դատավորը նշել էր, որ Լուսինե Հակոբյանը Տիգրան Եգորյանի տիկինն է , Լուսինե Հակոբյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասաց. «Դա ուղղակի միջնորդություն է մեր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, քանի որ այս նիստով մենք հանդես չենք գալիս որպես ամուսիններ, այլ հանդես ենք գալիս որպես Վարդգես Գասպարիի շահերի պաշտպաններ: Եվ մեր անձնական կյանքի մանրամասները հրապարակելը, թեեւ դրանք գաղտնի չեն, որեւէ անհրաժեշտություն չի հետապնդում ժողովրդավարական հասարակությունում եւ ուղղակի զարմանալի է, որ տիկինը, դատավոր լինելով հանդերձ, այդքանը չի գիտակցում, չի հասկանում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ