Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ անձից գնումներում շատացել են «ունիվերսալ ֆիրմաները». Եւ լվացքի փոշի են մատակակարում, եւ կանաչապատում անում. (Տեսանյութ)

Մարտ 23,2016 19:07

Այսօր «Մեդիա կենտրոնում» պետական գնումների ոլորտի մասին քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները ներկայացնելով ցուցանիշներ, նկատեցին, որ պետական գնումների ոլորտում, թեեւ, որոշ  ուղղություններով կա առաջընթաց, որոշներով՝ հետընթաց, ընդհանուր առմամբ, որակական առաջընթաց չկա:

Հակակոռուպցիոն կենտրոնի  պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ընդհանուր գնումները: Ըստ այդմ, ինչպես ասաց Մանուկյանը, փոփոխված, ճշտված տվյալներով կա 1.4 տրիլիոն դրամի պետական բյուջե եւ կա փաստացի  9 ամսվա ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերում՝ 262 միլիարդ դրամի, շարունակական ծախսերը, որոնց մեջ էներգետիկ եւ նման ծախսերն են՝ 18 միլիարդ դրամ է, գործուղումներն եւ շրջագայություններ՝ 5 միլիարդ դրամ, այլ մասնագիտական ծառայություններ՝ 2 միլիարդ դրամ, 169 միլիարդ դրամի էլ պայմանագրային ծառայություններն են եղել, ընթացիկ նորոգում, պահպանում՝ 18 միլիարդ դրամի ծախսեր:  Մանուկյանի ներկայացմամբ՝ շինարարության համար գնումները կազմել են 106 միլիարդ դրամ, մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերում, պահպանում, հիմնանորգում՝ 65 միլիարդ դրամ. «Ընդհանուր պետական գնումների հաշվետվություններում ներկայացված չեն Երեւանի քաղաքապետարանի ծախսերը»,-ասաց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ փորձագետի, լայն կիրառում են ստանում ունիվերսալ ֆիրմաները, որոնք եւ լվացքի փոշի են մատակարարում, եւ ալկոհոլի չափը ստուգող սարքեր  եւ  կանաչապատում են անում. «Սրանք միջնորդավորված գնումներ են: Վերահսկիչ պալատի հաշվետվությունում էլ ներկայացված են նման երեւույթներ: Օրինակ, պետական գնումներով աղ են ձեռքբերում  ոչ թե կոմբինատից, այլ մի ընկերությունից, որը կոմբինատից գնում է եւ վաճառում պետական հիմնարկին:  Եթե մեկ անձից գնումներ են անում, ապա մեր սահմանափակ բյուջեով ի՞նչ կարիք կա միջնորդավորված գնումներ անել եւ արհեստականորեն շահույթներ ապահովել»: Մանուկյանը նկատեց, որ վարկային ծրագրերով կատարվող պետական գնումների մասին հանրությանը հաշվետվություն չի ներկայացվում:

Ի դեպ, e-gov.am կայքում մեկ անձից կատարվող գնումների ցանկում տեւական ժամանակ է բացակայում էր 2015 թվականի գնումների հաշվետվությունները: Այս մասին ասուլիսին բարձրաձայնեց նաեւ փորձագետը, որից հետո, ժամեր անց, կառավարության կայքէջում  վերականգնվեց այդ գնումների ցանկը:

Արտակ Մանուկյանն ասաց, 2015-ին  մեկ անձից գնումները 183 միլիարդ դրամի են եղել եւ  շարունակվում  են պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումները. «Օրինակ՝ մի նախարարություն ունի իր  ենթակայության  ներքո ՓԲԸ, որից էլ ձեռք է բերում ծառայություններ: Սա բացասական երեւույթ է եւ կասկածները խորանում են»:

Օրինակ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) 2015 թվականին 3 միլիոն 107 հազար դրամի մեկ անձից գնումներ է կատարել ԴԱՀԿ-ի ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Քեթրին գրուպից»: Պայմանագրով   նախատեսված է եղել ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն իրականացնել:

Մանուկյանի վստահեցմամբ՝ մեկ անձից կատարվող գնումները հաճախակիացել են:

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ են պետական մարմինները դիմում մեկ անձից գնումներին, եւ արդյոք բոլոր դեպքերում է դա արդարացված, արդյոք օրենքով որեւէ սահմանափակում չկա՞, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց՝ ինչպիսին մեր մենաշնորհացված տնտեսությունն է, այնպիսին էլ պետական գնումներն են:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031