Վարչական դատարանում այսօր «Հայկական ծրագրեր» ընկերությունն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործով նախնական դատական նիստն էր:
Հանձնաժողովի ու ընկերության տարաձայնությունները սկսել են 2015 թվականին, երբ «Հայկական ծրագրերը» թանկացրել է իր ՀԾ-հաշվապահ համակարգի սպասարկման գինն ու այդ մասին հայտնել իր պատվիրատուներին, որոնց թվում է նաեւ ՏՄՊՊՀ-ն: Ինչից հետո ՏՄՊՊՀ-ն ընկերության ծրագրերի մասով ուսումնասիրություն է սկսել՝ պահանջելով բազմաթիվ տեղեկություններ և գնի թանկացման հիմնավորումներ:
Ընկերության շահերի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով, ընկերությունը համաձայն չի եղել այս պահանջի հետ. « Տնտեսական պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ գների թանկացումը պետք է հիմնավորի որևէ շուկայում գերիշխող դիրք ունեցողը: Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ընկերության դեմ, ընկերությունից տեղեկատվություն պահանջել 2014 և 2015 թվականի գործունեության վերաբերյալ՝ ըստ ամիսների:
Տեղեկատվության մի մասը տրամադրվել է, մյուսի վերաբերյալ պարզաբանում է տրվել, թե ինչու հնարավոր չէ տրամադրել: Այնուհետև այս վարույթը կասեցվել է, որից 5 ամիս անց հանձնաժողովը, առանց կասեցված վարույթը վերսկսելու և ավարտելու, ընկերության դեմ սկսել է նոր վարույթ`«նախորդ վարույթի կասեցման ժամանակ պահանջած տեղեկությունը չտալու համար» և ընկերությանը տուգանել 2 մլն դրամով: Մենք պահանջում ենք, որ դատարանն անվավեր ճանաչի հենց այս որոշումը: Այդ պահանջի հիմքում ընկած են բազմաթիվ հիմքեր:
Կարդացեք նաև
Նախ` այն հիմքն է ընկած, որ վարչական վարույթն ամբողջությամբ ապօրինի է հարուցվել ընկերության նկատմամբ: Ավելի քան ութսուն օր չի որոշվել ապրանքային շուկան, չնայած դրան պահանջվել է տեղեկատվություն, որը վերաբերվել է գերիշխող դիրքի չարաշահմանը: Երկրորդ վարույթն էլ է ապօրինի հարուցվել, քանի որ առաջին վարույթի ժամկետներն արդեն ավարտվել էին»:
Ընկերության մյուս պաշտպանի՝ փաստաբան Ռուստամ Բադասյանի խոսքով էլ, հանձնաժողովը վկայակոչում է, որ ընկերությունից տեղեկատվություն է պահանջել 2011-2013 թվականների համար, բայց իրականում նման տեղեկատվություն չեն պահանջել. «Այսինքն՝ դրանով ուղղակի նպատակ են ունեցել արհեստականորեն ձգձգել վարչական վարույթի ժամկետները»:
Պարոն Օրբելյանը նաեւ ասաց, որ իրենք առաջիկայում կդիմեն նաեւ Սահմանադրական դատարան. «Կա որոշակի պրակտիկա, որ երբ վարչական վարույթ է իրականացվում կամ մինչև վարչական վարույթի ավարտը անձը փաստացի զրկված է տվյալ վարույթի ընթացքում տեղի ունեցող գործողությունները բողոքարկելու հնարավորությունից: Որպես կանոն՝ դա նորմալ ընթացակարգ է շատ երկրներում, բայց կան որոշակի դեպքեր, որ ամեն դեպքում կողմը պետք է ունենա դատական պաշտպանության հնարավորություն: Այսինքն՝ եթե վարույթը չսկսած՝ անձն ունի հիմնավոր կասկածներ, հիմքեր, ապացույցներ, որ արդեն տեղի են ունեցել խախտումներ, ստիպել անձին, որ սպասի մինչև վարույթն ավարտվի սահմանադրական մի շարք իրավունքների սահմանափակում է»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 26-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ