Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 23-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում է Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավորը որոշում կայացրեց բերման ենթարկել Վարդգես Գասպարիին, սակայն այսօր Վարդգես Գասպարիին բերման չենթարկվեց, նա իր փաստաբաններ Լուսինե Հակոբյանի եւ Դավիթ Գյուրջյանի հետ ներկայացավ դատարան:
Դատական նիստի ընթացքում Նելլի Բաղդասարյանը պաշտպանական կողմին խոսք տվեց պաշտպանական ճառը ներկայացնելու համար: Լուսինե Հակոբյանը խնդրեց ընդմիջել դատական նիստը, քանի որ Տիգրան Եգորյանը դեռ չի ներկայացել, սակայն դատարանը ասաց, որ ներկայացել են Գասպարիի երկու պաշտպանները եւ նիստը հետաձգելու խնդիր չի տեսնում:
Լուսինե Հակոբյանը հայտարարեց, որ երեկ դատական նիստի ընթացքում իրենց բացակայությունը հարգելի էր, քանի որ իրենք նախազգուշացրել էին եւ այնուհետեւ Դավիթ Գյուրջյանը գրություն է ներկայացրել դատարան: Նա միջնորդեց նաեւ վերսկսել դատաքննությունը եւ հետազոտել ապացույցները, որպեսզի հնարավորություն ստեղծվի պաշտպանական կողմին մասնակցել ապացույցների հետազոտմանը: Դատարանը չքննարկեց նրա միջնորդությունը, քանի որ համարեց, որ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել:
Կարդացեք նաև
Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը երկար ժամանակ է ունեցել. «Բարի լինեիք առանց նախագահող դատավորի թույլտվության չլքեիք դատարանի դահլիճը»:
Դավիթ Գյուրջյանը հայտարարեց, որ դատարանը չի կարող զրկել ապացույցների հետազոտության փուլին մասնակցելու իրավունքից:
Վարդգես Գասպարին եւս հայտարարությամբ հանդես եկավ. «Նույնիսկ եթե ենթադրենք, որ իմ պաշտպանները բացակայում են եւ իբր լքել են, բայց այդպես չի եղել: Ստացվում է, որ իմ պաշտպանների թույլ տված սխալների համար սահմանափակում եք ամբաստանյալի իրավունքը: Ապացույցներ հետազոտելու իմ իրավունքը արհամարհվում է, սահմանափակվում է՝ ձեր մեկնաբանությամբ, որ իմ պաշտպանները լքել են դահլիճը: Ես գտնում եմ, որ սա կոպտագույն խախտում է, եւ կարծում եմ ողջամիտ է ընդունել միջնորդությունը՝ վերադառնալ դատաքննություն եւ իրականացնել ապացույցների հետազոտությունը ամբաստանյալի ներկայությամբ»:
Նելլի Բաղդասարյանը շարունակում էր պնդել, որ պաշտպանական կողմը ներկայացնի իր ճառը, հակառակ դեպքում՝ կարձանագրվի, որ կողմը հրաժարվում է իրացնել իր իրավունքը: Լուսինե Հակոբյանը հայտարարեց. «Մենք չենք հրաժարվում պաշտպանական ճառ իրականացնելուց, այլ միջնորդություն ենք ներկայացնում եւ, մենք առ այսօր չունենք մեղադրողի ճառը»:
Նելլի Բաղդասարյանը հայտարարեց. «Դատարանը արձանագրեց, որ պաշտպանները փորձում են ձախողել դատական նիստը իրենց վարկանիշը հանրության մոտ բարձրացնելու համար»:
Լուսինե Հակոբյանը պատասխանեց. «Մենք մեր վարկանիշը նման ձեւով բարձրացնելու կարիք չունենք, իսկ այ Ձեր գործողություններով առաջարկում ենք մտածել ինչ վնաս եւ ինչ ռիսկի տակ եք դնում արդարադատության համակարգի վարկանիշը Հայաստանում: Հերթական անհիմն, ապօրինի գործողությունն եք իրականացնում՝ առանց քննության թողնելով մեր միջնորդությունը, որի լիազորությունը չունեք: Այս պահին միջնորդում եմ ժամանակ տրամադրել վիճաբանությունների փուլին ծանոթանալու համար եւ հնարավորություն ընձեռնել ծանոթանալ մեղադրական ճառին»:
Տիգրան Եգորյանը ուշացումով ներկայացավ դատական նիստին, դատարանը հետաքրքրվեց, թե ինչու է ուշացումով ներկայանում, դատական նիստին, Լուսինե Հակոբյանն էլ հայտարարեց, որ ինքը տեղեկացրել է այդ մասին. «Իր ուշացման պատճառով նիստը չի ձգձգվել, հետեւաբար՝ անիմաստ հարցերի կարիք չկա»:
Նելլի Բաղդասարյանը պատասխանեց՝ Ձեր կարծիքով անիմաստ, անհեթեթ մտքերով հանդես մի՛ եկեք: Լուսինե Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ ինձ թվում է՝ բոլորին հայտնի է՝ անհեթեթ մտքերով ով է հանդես գալիս»:
Նելլի Բաղդասարյանը դիմեց Տիգրան Եգորյանին. «Ձեր տիկինը՝ ամբաստանյալի շահերի պաշտպան տիկին Հակոբյանը, միջնորդեց ընդմիջել դատական նիստը: Միանո՞ւմ եք նրա միջնորդությանը»:
Եգորյանը պատասխանեց. «Տեսե՛ք, հարգելի նախագահող, Դուք եւս ինչ-որ մեկի տիկինն եք: Այստեղ Լուսինե Հակոբյանը չի մասնակցում որպես իմ տիկին: Հասկանալի է, որ Ձեզ ինչ-որ ինֆորմացիա է հայտնի, եւ եթե ինչ-որ բան ցանկանում եք ցույց տալ դրանով, բայց դրա կարիքը չկա: Ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ խնդիր ունենք, լուրջ չի ուղղակի, եւ դա հաղթաթուղթ չի Ձեր ձեռքում: Այո՛, մենք նաեւ փոքրիկ ունենք Էդուարդ Եգորյան անունով, ցավոք ինքն այսօր չի եկել»:
Դատարանը հայտարարեց ընդմիջում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ