Դանիելյանների 3 հոգուց բաղկացած անօթեւան ընտանիքը բնակվում է Գյումրիի ամենաաղքատ թաղամասում՝ Ֆանտաններում, Սավոյան փողոց 224/439 տնակում: Նրանց թշվառ ապրելակերպը ոչնչով չի տարբերվում հարեւաններից, սոված կամ կիսասոված օրեր, հարմարություններից զուրկ, կաթկթող տնակ: Միակ տարբերությանն այս պահին այն է, որ ընտանիքը վեց ամիս է՝ զրկված է հոսանքից՝ 12 հազար 900 դրամ պարտքի պատճառով:
Ցավն այն է, որ այս ընտանիքում կան երկու դպրոցահասակ երեխաներ՝ 12-րդ ու 8-րդ դասարանում սովորող, որոնք կրթվում են Գյումրու վարժարաններից մեկում՝ բավական բարձր առաջադիմությամբ: Երեխաների անուն-ազգանունները չենք հրապարակում, չենք նշում նաեւ վարժարանի անունը, քանի որ մոր՝ Գոհար Դանիելյանի ասելով, նրանք չափազանց հպարտ են, ու, բնականաբար, չեն ցանկանա, որ իրենց դասարանցիները իմանային այս մասին:
Մայրը ճարահատյալ էր դիմել մեզ, ըստ նրա, այսպես ապրել այլեւս հնարավոր չէ, բարձր առաջադիմությամբ սովորող իր երեխաները մոմի լույսի տակ կուրանում են, աչքերը ցավում են:
Գոհար Դանիելյանը մեզ պատմեց, որ գնալով էլցանց, խնդրել էր պարտքը վճարել մաս-մաս, հազար դրամով փակել, սակայն այստեղ աշխատակիցներից մեկը նրան շշպռել, անգամ հնարավորություն չէր տվել, որ մոտենա տնօրենին:
Տիկինը դժգոհեց, որ հարմար աշխատանք չի գտնում, մի անգամ աշխատեց հացի փռում, սակայն ստամոքսի ցավեր սկսվեցին, դեղերի փող անգամ չուներ, որ բուժվեր:
Մայրն անչափ նեղված է, որ 12-րդ դասարանում սովորող իր աղջիկը 3 հազար դրամի պատճառով չի կարողացել մասնակցել հայոց լեզվի, մաթեմատիկայի ու անգլերենի միասնական քննություններին: «Չեք պատկերացնի, ինչքան լացեց, դե արի ու դիմացի, ես մի խնդրանք ունեմ կրթական ոլորտի պատասխանատուներին, եթե հնարավոր է, թող թույլ տան մասնակցի քննություններին, ճիշտ է՝ հայտերն արդեն ընդունել են, բայց բացառություն անեն, երեխաս ահավոր սթրեսի մեջ է», -խնդրում էր մայրը:
Հայրը տարիներ առաջ գնացել է Մոսկվա արտագնա աշխատանքի ու այլեւս չի վերադարձել. ընտանիքը աղքատության նպաստի հույսին է:
Գոհար Դանիելյանն ասաց, որ իրենց երկու անգամ օգնել են վառելափայտով, որոշ չափով օգնում է նաեւ «Ֆամ թու ֆամ» հոլանդական կազմակերպությունը:
Մենք դպրոցի տնօրենից ու փոխտնօրենից ճշտեցինք, որ երեխաները յուրահատուկ դաստիարակություն ունեն: «Այդպիսի պարկեշտ, պարտաճանաչ ու հպարտ երեխաներ ամբողջ Գյումրիում չեք գտնի»,- ասաց փոխտնօրենը:
Տնօրենն էլ փոխանցեց, որ հայտերն արդեն լրացված ու ուղարկված են, եթե թույլատրեն, ինքը պատրաստ է աշակերտի միասնական քննությունների վարձը մուծել:
Ի դեպ, դպրոցի ղեկավարությունը նրանց ամեն ինչով ընդառաջում ու օգնում է, այս մասին ասաց մայրը, գրքերի գումարն անգամ չեն վերցնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ