ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջհանգիրյանը օրենսդրական նախաձեռնության կարգով դիմել են Ազգային ժողով`«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու: Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Ազգային ժողովի նախագահը պատգամավորների առաջարկն ուղարկել է կառավարություն, որտեղից վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, թե նախագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին. «Այդ կապակցությամբ հարկ է նկատի ունենալ օրենքի դրույթները, որոնց համաձայն նշվում են տոները եւ հիշատակի օրերը, ընդ որում, որպես հիշատակի օրեր նշվում են՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բռնադատվածների հիշատակի օրը, երկրաշարժի զոհերի հիշատակի օրը»:
ՀԱԿ-ի առաջարկը մերժելու վարչապետի հիմնավորումներից մեկն էլ այն է, թե նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա. «Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեեւ ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է եւ հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»:
Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին եւ արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել:
Կարդացեք նաև
Նախագծում կիրառվում է նաեւ «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ