ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին այսօր՝ մարտի 23-ին, թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ նվիրաբերեց:
«Ես շնորհակալ եմ Հնդկաստանում լավագույն դեղագործական ընկերություններից մեկին՝ «Cipla»-ին, որը թալասեմիա հիվանդությունը բուժող դեղամիջոցներ է պատրաստում: Եվ ուրախ եմ, որ իմ մեկ հեռախոսազանգով հաջողվեց որոշակի խմբաքանակ բերել Հայաստան: Հուսով եմ, որ այն կփրկի թալասեմիայով տառապող շատ երեխաների»,- ասաց Սուրեշ Բաբուն և ավելացրեց, որ դեսպանությունն ուրախ կլինի շարունակել համագործակցությունը Բժշկական համալսարանի և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հետ:
«Բժշկական համալսարանը մոտ երեք տասնամյակ համագործակցում է Հնդկաստանի հետ: Հատկապես դեսպանի նախաձեռնությամբ այդ համագործակցությունը վերջին երեք տարիների ընթացքում ավելի է ընդլայնվել: Այնքան, որ դրա անմիջական օգուտը զգում են հիվանդներն ու նրանց ընտանիքները»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ իրենք Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ արդեն մի քանի արդյունավետ ծրագրեր են իրականացրել, այդ թվում՝ Հայաստանի մարզերում: Ու թեև Սուրեշ Բաբուն շուտով կավարտի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի իր լիազորությունները, ՀՀ առողջապահության փոխնախարարը հուսով է, որ դեսպանի հետ բարեկամական կապերը կպահպանվեն. «Հույս ունեմ, որ Սուրեշ Բաբուն մասնավոր այցերով հաճախ կգա Հայաստան: Ակնհայտ է, որ նրա՝ Հայաստանում գտնվելու ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի ջերմ ու արդյունավետ են դարձել»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ թալասեմիա հիվանդությունը շատ սահմանափակ տարածում ունի. «60-70 հիվանդ ունենք, որոնց համար դեսպանի նվիրաբերած դեղամիջոցների առկայությունը մեծ նշանակություն ունի: Դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել երկաթը, որը հիվանդության ժամանակ կուտակվում է օրգանիզմում»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ