Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում իր անձնական միջոցներով գնել էր 2 սենյականոց բնակարան, որը,սակայն, անօթեւաններին հատկացրեց վիճակահանությամբ: Քաղաքապետը, նիստերի դահլիճ հրավիրելով 11 անօթեւան ընտանիքների, սկսեց վիճակահանությունը:
11 սպիտակ թղթերից մեկի վրա գրեցին «բնակարան», մյուսները թողեցին դատարկ ու որոշեցին նստածներին հերթով կանչել վիճակահանության: Առաջինը վիճակահանության արկղին մոտեցավ Ամալյա Զաքարյանը՝ իր փոքրիկ տղայի հետ: Մայրը որդուն հորդորեց քաշել թուղթը, տղան արկղից հանեց այն թուղթը, որի վրա գրված էր «բնակարան»: Մայրը՝ 35-ամյա Ամալյան, ուրախությունից պիտի ուշաթափվեր. արտասվում էր, փաթաթվում էր որդուն, չէր հավատում տեսածին:
Կարդացեք նաև
Քաղաքապետն ասաց, որ ուրբաթ կհանձնի Շիրակացի փողոցում իր գնած 2 սենյականոց բնակարանը: Մյուս անօթեւաններին էլ հորդորեց, չհուսահատվել, քանի որ բոլորին առաջիկայում կապահովեն բնակարաններով, նրանց ցուցակները ուղարկելու է ՀԷՑ-ի Ղարս մասնաճյուղի տնօրենին:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ասաց, որ օրերս Գյումրիի «Ռոտարի» ակումբը իրեն 860 հազար դրամ է նվիրել՝ անօթեւաններին բնակարաններ ձեռք բերելու համար:
Ամալյա Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 4 անչափահաս երեխա ունի, մեծը 9 տարեկան է, փոքրը՝ 4 տարեկան, բնակվում են Ավտոկայանի թաղամասում, սարսափելի պայմաններում գտնվող տնակում: Տիկինը պատմեց, որ իր երեխաներից մեկի ականջը տարիներ առաջ առնետն էր կրծել, երեխան ճչացել էր ցավից, քնած տեղից վեր թռել, վերք էր բացվել, տարել էին հիվանդանոց: Ըստ նրա, հիմա էլ առնետները հանգիստ չեն տալիս, «Մեռանք դեղ լցնելով, հնար չկա, կարեւորը երեխեքս պրծնեն էդ առնետներից»,- ասում էր Ամալյա Զաքարյանը՝ հուզմունքից բարձրաձայն արտասվելով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ