Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «iPhone 6» մոդելի բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը «list.am» կայքում ծանոթացել է քաղաքացու՝ «iPhone 6» տեսակի բջջային հեռախոս վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, 2016 թվականի փետրվարի 23-ին հեռախոսով խոսել է վերջինիս հետ և ձեռք բերել հեռախոսը գնելու պայմանավորվածություն: Նախապես պայմանավորված վայրում առերևույթ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի միջոցով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ առանց գումարը վճարելու՝ այդպիսով պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն երիտասարդը, ով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ այլ անձի փոխանցելու համար։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե