Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկանդալային դերասանուհի Ռուզան Վիթը նկարահանվել է «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմում` մարմնավորելով 20-ամյա մարմնավաճառի կերպարը: «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր նա պարզաբանեց, թե ինչու վերջին տասը տարում չի հայտնվել մեծ էկրաններին:
Դերասանուհին ասաց, որ 10 տարի շարունակ հրաժարվել է սերիալներում նկարահանվելու առաջարկներից. «Ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում սերիալում նկարահանվելու մեջ, պարզապես «Քրմուհուց» հետո մասնագիտական մեծ պատասխանատվություն եմ կրում: Սա անհատական մոտեցում է: Համենայն դեպս, սերիալներում տեսնում ենք նաեւ այնպիսի դերասանների, որոնք մեծ կենսագրություն ունեն»:
Ռուզան Վիթը նշեց, որ այդ իրավիճակից դուրս գալու նպատակով վերջերս, ինչպես ինքն է բնորոշում, «տխուր սրտով» ընդունել է սերիալում նկարահանվելու առաջարկը. «Սպասում էի, որ ինձ հրավիրեին նկարահանվելու այնպիսի ֆիլմերում, որոնք մեր քաղաքում կարծես թե ակտիվ նկարահանվում են: Երեւի թե պետք է սերիալում երեւալ, որպեսզի մարդիկ տեսնեն դեմքդ եւ իմանան, որ դու կաս: Փորձում եմ «սխալս» ուղղել եւ մեր միջավայրին համահունչ քայլել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ