Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Բախումներից հետո միանգամից մեծ փոփոխություններ սպասելն անլուրջ կլինի»

Մարտ 23,2016 15:46

Այս տարվա փետրվարին ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանը հեռացավ Կամերային երաժշտական թատրոնից: Ներկայումս թատրոնում ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել, թատրոնի տնօրենի հրամանով հաստատվել է թատրոնի նոր գեղարվեստական խորհրդի կազմը:

Aravot.am-ը Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանից հետաքրքրվեց՝ գլխավոր ռեժիսորի հեռանալուց հետո ինչ փոփոխություններ են եղել, արդյոք մթնոլորտն աշխատանքայի՞ն է:

«Բախումներից ու վայրիվերումներից հետո այս կարճ ընթացքում միանգամից մեծ փոփոխություններ սպասելն անլուրջ կլինի: Շատ զգուշավոր վերաբերմունք ենք ցուցաբերել գեղարվեստական խորհրդի հետ ընթացիկ խաղացանկի հանդեպ, որովհետեւ նոր ներկայացումներով չհամալրել թատրոնը ե կրճատել ընթացիկ խաղացանկը, կնշանակեր թատրոնը հասցնել կատաստրոֆիկ վիճակի, դրա համար հետեւյալ ճանապարհն ենք որդեգրել: Գեղարվեստական խորհուրդը նայել է ընթացիկ խաղացանկի ամբողջ ներկայացումները, քննարկվել են դրանք, որոշվել է ներկայացումները ենթարկել որոշակի խմբագրումների՝ թե բեմադրական միջամտության, թե խոսքային շտկումների, այսինքն՝ ընթացիկ խաղացանկի նորոգման խնդիր է դրվել: Այդ աշխատանքները մոտ ժամանակներս կսկսվեն:

Խոսել ենք ներկայացման հեղինակների հետ: Ներկայացումներում պարային մասը նորոգման անհրաժեշտություն ունի: Թատրոնում ամենակարեւոր խնդիրը նոր ներկայացումներ բեմադրելն է, ու կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ կունենանք մի քանի պրեմիերաներ, քանի որ շատ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում:

Հուսամ, որ գեղարվեստական մասն էլ կապահովենք, ինչ նպատակով կադրային որոշակի փոփոխություններ են արվել: Տնօրենին առաջարկվել են նոր մարդիկ, երաժշտական, գրական մասը ղեկավարելու համար, մարդիկ, որոնք ճաշակ, չափանիշ, կողմնորոշում ունեն, որոնք տիրապետում են ժամանակակից դրամատուրգիային, լեզվին: Այդ մարդկանց ընդգրկել ենք թատրոնի ստեղծագործական կյանքում՝ բոլոր այդ կարգի հարցերը լուծելու համար:

Ես համարում եմ, որ կարճ ժամանակում այն, ինչ հնարավոր էր անել, արվել է: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, գեղարվեստական ինչ որակ կապահովենք, դեռ վաղ է խոսելը, մինչեւ չունենանք ներկայացումներ եւ պրեմիերաներ»,- տեղեկացրեց պարոն Խզմալյանը:

Նա շեշտեց, որ մեկ հարց անձամբ ինքն է սկզբունքորեն դրել: «Ժամանակի ընթացքում պետք է առհասարակ հրաժարվել ֆոնոգրամայով երգեր կատարելուց: Ես կարծում եմ, որ ֆոնոգրամաները կարող են լինել ֆորս մաժորային իրավիճակների համար, իսկ բեմում պե՛տք է լինի կենդանի կատարում: Պետք չէ սրանից վախենալ: Հուրախություն ինձ՝ կոլեկտիվը որեւէ առարկություն չունեցավ այս առաջարկի հետ կապված: Մանավանդ մենք ոչ թե վոկալիստներ ենք ուզում բեմում տեսնել, այլ կերպարային կատարում, ուզում ենք տեսնել դերասանի, որը կարողանում է երգել ըստ իր կերպարի եւ ըստ իր առջեւ դրված մասնագիտական խնդիրների»,-հավելեց Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031