«Մոսկվա» կինոթատրոնում վաղը կկայանա ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանի «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը 20-ամյա մարմնավաճառի մասին է, որի կյանքը փոխվում է արվեստագետին հանդիպելուց հետո: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորել է դերասանուհի Ռուզան Վիթը, որը հանդիսատեսին քաջածանոթ է «Քրմուհին» սկանդալային ֆիլմից:
«Մարիամի մեկ կիրակին» մարմնավաճառի մասին է, բայց ոչ` մարմնավաճառության: Ֆիլմի գաղափարը ծագեց հետաքրքիր միջադեպից: Տարիներ առաջ տուն էի շտապում, փողոցում ընդառաջ եկան մի քանի մարմնավաճառներ, որոնք կանգնում էին այդ հատվածում: Քանի որ արագ էի քայլում, մի պահ ձեռքս դրեցի սրտիս: Մարմնավաճառներից մեկն էլ այսպես արձագանքեց` հա…էս կյանքին սիրտ կդիմանա՞…»,-«Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր լրագրողներին պատմեց ռեժիսոր Արշակ Ամիրբեկյանը:
Ռուզան Վիթին «Քրմուհին» ֆիլմից 10 տարի է բաժանում. «Այս ընթացքում չեմ նկարահանվել, վայելել եմ ընտանեկան երջանկությունս: Ցավում եմ, որ մասնագիտական դաշտում ստվերում մնացի»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր ֆիլմի կերպարին` Վիթը նշեց. «Համոզված եմ, որ հայ կանայք չեն ցանկանա կանգնել փողոցում, չեն ցանկանա թողնել ընտանեկան ջերմությունը, գնալ փողոց, հետո տուն գալով` գրկել իրենց փոքրիկին: Գիտենք, թե որքան շատ են փողոցում կանգնող կանայք, որոնք այդ քայլին գնում են իրենց բալիկներին կամ հիվանդ ծնողներին պահելու համար: Հանգամանալից ուսումնասիրել եմ այս խնդիրը: Մարմնավաճառների մի մասն ունեն մասնագիտություն եւ գենետիկ լավ տեսակ»:
Կարդացեք նաև
Ռուզան Վիթի խոսքով` մարմնավաճառությունից ավելի ցավոտ է հոգեվաճառությունը, երբ, իր խոսքով, մարդը դավաճանում է ինքն իրեն եւ աստվածային սկզբունքները, հանուն աթոռի եւ փողի վաճառում շատ բաներ, այդ թվում` «ձայնը»(նկատի ունի ընտրական ձայները):
Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել է նաեւ կինոյի եւ թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը:
Ֆիլմից հատվածներ դիտել այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ստեղծագործական անձնակազմի լուսանկարները` Ռուզան Վիթի «ֆեյսբուքյան» էջից: