Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեսել ենք, միանշանակ պետք է դատապարտվի, դա անընդունելի է». Կորյուն Նահապետյանը՝ Գորիսի ոստիկանապետի մասին

Մարտ 23,2016 14:27

«Այն, ինչ տեսել ենք, միանշանակ պետք է դատապարտվի: Դա անընդունելի է: Կատարվում է ծառայողական քննություն: Ինչպես գիտեք, Գորիսի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվել են: Ծառայողական քննության արդյունքում արդեն համապատասխան եզրահանգումներ կլինեն: Երեւույթն ինքնին անընդունելի է: Ցանկացած պաշտոնատար անձի պարագայում, առավել եւս՝ ոստիկանի դեպքում բռնություն գործադրելը չպետք է համարել նորմալ երեւույթ, պետք է դատապարտել հրապարակավ»,- այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն այսպիսի գնահատական տվեց Գորիսի ոստիկանապետի հետ կապված միջադեպի մասին:

Նա վստահեցրեց, որ կպատժվեն բոլոր այն անձինք, ովքեր կարգապահական կանոնները խախտել են. «Եթե կլինեն հանցագործության հատկանիշներ, բնականաբար, դրան իրավական ընթացք կտրվի»:

Մեր հարցին՝ ArmLur.am-ը տեղեկատվություն տարածեց, որ Գորիսի ոստիկանապետը հեռացվել է համակարգից, սա կարո՞ղ է լավ իմաստով վարակիչ լինել՝ համակարգը մաքրելու համար, որի մասին անընդհատ խոսում է Վլադիմիր Գասպարյանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Համակարգը մաքրելու համար բավականին մեծ փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ կադրային հարցում: Նոր մոտեցումներ են իրականացվում եւ պարբերական փոփոխությունները բերում են այդպիսի արդյունքի: Համակարգը պետք է լինի կայուն՝ կադրերի առումով: Բայց յուրաքանչյուր ոստիկան, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, պետք է գիտակցի, որ կոչված է ծառայելու հասարակությանը եւ անթույլատրելի են բոլոր այն դրսեւորումները, որոնք հարիր չեն ոստիկանին»:

Ըստ Կորյուն Նահապետյանի, այսօր համակարգում աշխատում են բազմաթիվ բարեխիղճ պրոֆեսիոնալներ, բայց ինչպես այլ համակարգերում, ոստիկանությունում էլ կան առանձին մարդիկ, որոնք արատավորում են համակարգի հեղինակությունը. «Այդպիսի աշխատողներից ուղղակի պետք է ազատվել»:

Մեր հարցին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին լուրջ լծակներ ունի մարզում եւ չկա որեւէ իրադարձություն, որին նա տեղյակ չլինի: Այս միջադեպն այն առումով գրավեց հանրության ուշադրությունը, որովհետեւ որեւէ մասնակցություն նրա կողմից չի եղել, ինչը որակվեց, որ պատվեր է նրա կողմից, Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ նա պատասխանեց. «Եթե չունեք փաստեր, այդպիսի պնդումներ անել ճիշտ չէ: Տարբեր վարկածներ, քննարկումներ կան, այդ թվում նաեւ՝ լրագրողական վարկածներ են առաջ քաշվում: Ես չեմ կարող կիսել մի տեսակետ, որը չունի բավարար հիմքեր: Առանց փաստերի ուղղակի նման մեղադրանքներ հնչեցնել ճիշտ չէ»:

Նա կոչ արեց միայն հավաստի փաստերի հիման վրա եզրահանգումներ անել. «Այլապես մենք կստեղծենք մի միջավայր, որն ամենեւին էլ առողջ ու բարենպաստ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031