Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարվա բանակցության արդյունքում Հայաստանն անդամակցեց «Եվրիմաժ» հիմնադրամին

Մարտ 23,2016 14:24

Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հեղինակավոր հիմնադրամին, որին ներկայում անդամակցում է 37 երկիր: Այս մասին այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի գործունեությունը ներառում է 3 հիմնական ուղղություն` կինովարձույց, կինոարտադրություն, ցուցադրություններ. «Կինոարտադրությանը նպաստող խոշորագույն հիմնադրամին անդամակցեցինք 10 տարի բանակցելու արդյունքում: Անդամակցելու համար ՀՀ-ն 63 միլիոն դրամ է վճարելու: Սա փոքր անդամավճար է` համեմատած այլ երկրների հետ, բայց այն հնարավորությունները, որոնք ստեղծվելու են հետագա աշխատանքի ժամանակ, շատ ավելին են ֆինանսական առումով: Սրանով սկսվում են մեր կազմակերպչական-իրավական աշխատանքները, որպեսզի մեր կինոարտադրողների ներկայացվելիք հայտերն ընդունվեն հիմնադրամի կողմից»:

Փոխնախարարի խոսքով` առաջիկայում Եվրոպայի մի շարք երկրների կինոարտադրողների հետ կապեր կստեղծվեն, քանի որ հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացվելիք ֆիլմերը պետք է լինեն համատեղ արտադրության. «Հիմնադրամին ֆինանսական հայտեր ներկայացնելու կարեւոր պայմանն է` համարտադրող կազմակերպության հետ ունենալ կապեր, ստեղծել մշակութային հարթակներ: Մեր պրոդյուսերները պետք է այդպիսի կապերը զարգացնեն»:

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորեց Հայաստանին` «Եվրիմաժ»-ին անդամակցելու առթիվ. «Որպես կինեմատոգրաֆիայի սիրահար` ուրախ եմ, որ Հայաստանը եւս հիմնադրամի մաս է կազմում: Եվրոպայի խորհուրդը նաեւ մշակութային կապն է կարեւորում: Մշակույթը կյանքի գեղեցկությունն է, որը միացնում է մարդկանց: Չեմ կարող չհիշել Փարաջանովի խոսքը` «Ամենասարսափելին այն է, որ թույլ ես տալիս, որ գեղեցիկն անցնի կողքովդ»: Կինոյի ստեղծումն էլ թույլ չի տալիս, որ գեղեցիկն անցնի մեր կողքով»:

«Եվրիմաժ»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին նշեց, որ հիմնադրամը մեծապես կարեւորում է նաեւ անիմացիոն ֆիլմերի զարգացումը. «Տարեկան ֆինանսավորման 15-20 տոկոսը հատկացվում է հենց անիմացիոն ֆիլմերին: Սա մեր պրոդյուսերների համար հնարավորություն է միջազգային հարթակ դուրս գալու: Նրանք պետք է միջազգային չափանիշներով աշխատեն: Կինոարտադրողների նոր սերունդ պետք է պատրաստենք եւ սովորեցնենք աշխատել միջազգային կինոարտադրության չափանիշներով»:

«Եվրիմաժ»-ին հայտեր ներկայացնելու պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031