Այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ մեր ԱԱԾ-ի կողմից սոցցանցերում, մասնավորապես, ֆեյսբուքում նամակագրության վերահսկման փորձեր չկան, համենայնդեպս, նման ահազանգ հայտնի չէ. «Իհարկե, մենք միշտ պետք է մտքում պահենք, որ դա հնարավոր է, բայց ոչ մի փաստ գոյություն չունի: Հեռախոսների գաղտնալսման մասին մենք գիտենք, բազմաթիվ արտահոսքեր են եղել, որոնք թույլ են տալիս միանշանակ հասկանալ, որ մեր հեռախոսները գաղտնալսվում են»:
Փորձագետն ասաց, որ օրինակ, ռուսաստանյան շփման միջոցները կարող են վերահսկվել ՌԴ հատուկ ծառայությունների կողմից. «Դրա համար գոյություն ունեն հատուկ ծրագրեր, ու եթե դուք ուզում եք գաղտնի շփվել, կարող եք այդ ծրագրերից օգտվել: Օրինակ, հեռախոսի համար գոյություն ունի «Սիգնալ» ծրագիրը: Ոչ մի փաստ չկա, որ այդ ծրագրով կարողանում են կարդալ»:
Էլեկտրոնային նամակագրության վստահելի միջոցներ ու ծրագրեր նույնպես կան. «Ֆեյսբուքն այդ առումով չի եղել ու չի լինի վստահելի: Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաեւ ֆեյսբուքյան սերվերներում: Նույնիսկ եթե ոչ ոք չվերահսկի, կա հավանականություն, որ սերվերները կարող են կոտրվել եւ այդ նամակագրությունը կհայտնվի երրորդ անձանց ձեռքում: Դրա համար պետք է օգտվել այնպիսի նամակագրության միջոցներից, որոնք տեղեկատվությունը պահպանում են խիստ գաղտնագրված, նույնիսկ այդ ոլորտին տիրապետողները չեն կարող ընթերցել»:
Ֆեյսբուքում տարբեր խաղեր են առաջարկվում, որ թույլ տուր քո տվյալների հասանելիություն ու կպարզես, թե դու, ասենք, որ թվականին ես մահանալու, քո ֆեյսբուքյան ընկերներից ով է քեզ ամենաշատը սիրում եւ այլն: Մեր հարցին՝ այդ խաղերից պե՞տք է զգուշանալ, դրանք նպաստո՞ւմ են տվյալների հասանելիությանը՝ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր թեստ, որ միացնում ես ֆեյսբուքում, երկու հարց է տալիս՝ ինչ տիպի ինֆորմացիա ես դու պատրաստ տրամադրել երրորդ կողմին եւ ինչպիսի գործողություններ ես թույլ տալիս, որ քո անունից կատարի այդ ծրագիրը: Եթե ուշադիր կարդանք, այդքան էլ վտանգավոր չեն: Օրինակ, եթե դուք չեք թաքցնում ձեր ծննդյան թիվը, կարող եք թույլ տալ, որ կարդա ձեր անձնական տվյալները»:
Կարդացեք նաև
Ըստ փորձագետի, ծննդյան ամսաթիվը պահպանելը պետք է բանկային տվյալները պաշտպանելու համար, ուստի այդ դեպքում ռիսկ կա. «Դա կախված է, թե դուք ռիսկը ինչպես եք գնահատում: Միշտ հետեւել, որ ոչ մի բան ոչ մեկի ձեռքը չընկնի՝ դուք ձեր կյանքը կդարձնեք դժոխք»:
Հարցին՝ սոցցանցերում գաղտնաբառը փոխելը կարո՞ղ է պաշտպանել էջը՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ դա կապ չունի ընդհանրապես . «Կարեւոր է, որ գաղտնաբառը լինի շատ բարդ՝ 12 նիշով, պարունակի թիվ, մեծատառեր: Այսինքն, ձեր շան անունը չպետք է դնեք գաղտնաբառ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ