Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ առնվազն 4 բանկ, որոնց հաճախորդների հաշիվներից գումար են տարել». Սամվել Մարտիրոսյան

Մարտ 23,2016 13:53

Այսօր Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած բանկային կիբերհանցագործությունը, երբ հաճախորդների հաշիվներից զգալի գումար են տարել, եղել է ոչ միայն ՎՏԲ-Հայաստան բանկում. «Ես գիտեմ առնվազն 4 բանկ, թեեւ արձագանքել է դրան 1 բանկ: Խնդիրն այն է, որ բանկոմատների վրա հնարավոր է տեղադրել հատուկ սարքեր, ոնց որ կլոնավորում են քարտը: Չարագործը կարող է ձեր քարտի կլոնն ունենալ եւ օգտվել՝ գումար տանել, առեւտուր անել՝ ըստ պահանջի: Այստեղ պրոբլեմը նրանում է, որ Հայաստանում այդ տիպի հարձակումներ չեն եղել մինչ այժմ, հանրությունը տեղյակ չի եղել, որ նման պրոբլեմներ կան, որ կարող է բանկոմատը գողանալ տվյալները: Մարդիկ չգիտեն, թե որ բանկոմատներն են ավելի անվտանգ: Բնականաբար, ավելի անվտանգ են այն բանկոմատները, որոնք բանկի տարածքում են, որովհետեւ վերահսկողություն կա: Մի կողմից մարդիկ իմացան, որ բանկում պրոբլեմ է եղել, բայց չիմացան, թե ինչպես է եղել: Դա նշանակում է, որ շատ հեշտ նույնը կարող է կրկնվել»:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի, շատ դրական է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը արձագանքեց դրան եւ տեղյակ պահեց քարտապաններին: Մենք ճշտեցինք՝ դա իր գործարար համբավը չվնասե՞ց, սոցցանցերում քննարկվում էր, որ եթե բանկը թեկուզ ինֆորմացիայի նման արտահոսք է թույլ տալիս, որը խուճապ է առաջացնում քարտապանների շրջանում, արդեն այդ բանկին չի կարելի վստահել՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չկա այդպիսի կառույց, որտեղից արտահոսք չի լինում: Մենակ քարից արտահոսք չի լինի: Աշխարհում ընդունված մոտեցումը հետեւյալն է՝ արտահոսքը թաքցնելը շատ ավելի մեծ պրոբլեմ է, քան եթե հանրությունը իրազեկվի: Շատ դրական է, որ բանկը տեղեկացրել է վտանգի մասին»:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այդ «կլոնավորող» skimer սարքերը կարող են տարբեր բանկոմատների վրա տեղադրվել: Մենք խնդրեցինք պարզ բացատրել, թե ինչպես ստուգել բանկոմատն անվտա՞նգ է, նման սարքեր կա՞ն, թե՞ չկան: Փորձագետը պատասխանեց, որ պաշտպանված բանկոմատների քարտը մտցնելու հատվածն ուռուցիկ է լինում. «Դա հատուկ միջոց է, որ ոչ մի լրացուցիչ սարք հնարավոր չլինի դնել: Սքիմերները տեղադրվում են նաեւ պին կոդը հավաքելու ստեղնաշարի վրա, որը կարող է շարժվել ու կերեւա: Բանկոմատներ կան, որ երկու կողմից սահմանափակող շրջանակ են դնում, որը պաշտպանում է սքիմերից: Մարդիկ կարող են անզեն աչքով տեսնել, որ դա ավելի պաշտպանված բանկոմատ է: Երբ ստեղնաշարը բաց է, ավելի մեծ հնարավորություն կա ինչ-որ բան տեղադրելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031