Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն 3 համակարգիչներից 2-ը վարակված է». Սամվել Մարտիրոսյանը՝ կիբերհանցագործությունների մասին

Մարտ 23,2016 13:11

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով միջազգային սեմինար էր կազմակերպել:

Միացյալ Թագավորության ներքին գործերի գերատեսչության կիբերհանցավորության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Ֆայզա Թայաբ Ջոունսը խորհուրդ տվեց հասարակությանը կրթել, որ կարողանան իրենց տվյալների անվտանգությունը պաշտպանել: Նա ասաց, որ պետք է զգուշանալ մանավանդ անվճար WiFi-ներից օգտվելիս, որը շատ ռիսկային է:

IMG_5111

Ըստ նրա, պետք է լուրջ աշխատանք տարվի հատկապես երեխաների, դեռահասների հետ, որոնք հաճախ ինտերնետում «չարաճճիություններ» են անում ու առանց գիտակցելու՝ լուրջ հանցագործություններ անում. «Բուհերում որոշակի աշխատանք պետք է տարվի, որ երեխաները, որոնք լուրջ գիտելիքներ ունեն, դա ի չարս չօգտագործեն»:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ «Մեր բնակչության կեսն ընդհանրապես մտահոգված չի իր անձնական տվյալների պաշտպանությամբ: 2015-ի նոր ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, ինչը նշանակում է, որ այս խնդիրները նոր են ի հայտ գալիս եւ կարեւոր դառնում մեր երկրի համար: Խորհրդային ժամանակներում անձնական տվյալները լրիվ ուրիշ ձեւ էին դիտվում եւ դրանց պահպանությունը հանրության կողմից խնդիր չէր հանդիսանում: Հանրությունը պարզապես տեղյակ չէ, թե ինչ վտանգների դեմ կարող է կանգնել անձնական տվյալների կորուստների պատճառով: Եթե նայենք պաշտպանվածության տեսանկյունից, ՀՀ-ն տարիներ շարունակ մի երկիր է հանդիսանում, որը համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջին տեղերում է: ՀՀ-ում 3 համակարգիչներից 2-ը վարակված է: Բնակչության մեծ մասը համակերպվում է վարակված համակարգչի հետ, քանի որ դրա մեջ չի տեսնում լուրջ վտանգ»:

Սամվել Մարտիրոսյանը կարեւորեց դպրոցներում, համալսարաններում կրթությունը. «Դպրոցներում բավականին տարօրինակ վիճակ է: Մի կողմից՝ երեխաներն ավելի շատ են առնչվում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, բայց մյուս կողմից՝ երեխաները չեն ստանում համապատասխան կրթություն՝ կապված անձնական տվյալների անվտանգության հետ: Այսինքն՝ մենք մեր երեխաներին մտցնում ենք կիբերտարածություն՝ չտրամադրելով ինքնապաշտպանության համապատասխան գիտելիքներ»:

Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ վերջերս կատարված ՎՏԲ-Հայաստան բանկի այն կիբերհանցագործությանը, որի ժամանակ հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս էին բերվել զգալի գումարներ:

Նրա խոսքերով՝ «Հանրությունը չիրազեկվեց, թե ինչ տիպի հարձակում էր դա: Սա բավականին նոր բան է Հայաստանի համար: Մարդիկ տեղյակ չեն, որ բանկոմատներն ունեն իրենց կիբերհանցագործները, բանկերն էլ չեն տեղեկացնում, թե ինչ է եղել: Նույն բանը կարող է կատարվել, որովհետեւ մենք փորձ չենք ձեռք բերում՝ մեր սխալներից ելնելով: Բացակայում է ընդհանուր մոտեցումը, թե հանրային իրազեկումն ինչպես պետք է կատարվի, որ հատվածներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031