«Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բացասական սպասումներ ունի Հայաստանի ֆինանսական համակարգի որոշ հատվածների նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կազմակերպությունը նվազեցրել է երկրի, այսպես ասած, երկարաժամկետ թողարկման եւ պարտքի գնահատականը։
Անշուշտ, միջազգային վարկանիշային այս կազմակերպության դիտարկումներն ունեն իրենց պատճառները, սակայն այնպես չէ, որ դրանք միանշանակ են։
«Մուդիսի» փորձագետները իրենց կարծիքը հիմնավորել են առաջին հերթին ֆինանսական հատվածի որոշ ուղղություններով թելադրված բացասական գործոններով։ Հիմնական պատճառները համարվում են ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտների նվազումը, արտաքին ներդրումների անորոշությունը, ինչպես նաեւ դեռեւս 2014թ. ազգային արժույթի անկումից հետո երկրի արժութային պաշարների վրա ճնշման ուժեղացումը։
Սրանք գործոններ են, որոնք իսկապես լուրջ նշանակություն են ունենում Հայաստանի տնտեսական զարգացման եւ առաջին հերթին ֆինանսական շուկայի դրսեւորումների վրա։ Հատկապես մեծ է տրանսֆերտների դերը։
Ռուսական տրանսֆերտները սկսեցին նվազել 2014 թվականից։ Այդ տարի դրանք կրճատվեցին 10 տոկոսով։ Սակայն վիճակը կրիտիկական դարձավ հատկապես 2015թ., երբ մուտքերի անկումը գերազանցեց 35 տոկոսը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մուդիսի» փորձագետները ռուսական տնտեսության անկում են կանխատեսում, ըստ էության համարում են, որ այս շուկայից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող գումարները դեռեւս կշարունակեն կրճատվել՝ մեծացնելով ճնշումը ֆինանսական համակարգի տարբեր հատվածների եւ տնտեսության վրա։
Այդպես կլինի՞, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել։ Հատկապես որ կան նաեւ դրական սպասումներ։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում