Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Սա ծուղակ է՝ վեճերի մի մեծ կաթսա, որը պիտի եռա՝ ինչքան ասեք». «Հայոց աշխարհ»

Մարտ 23,2016 12:36

Ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի «4+4+4» ձեւաչափով երկխոսության հարթակ ստեղծելու գաղափարին «քաղաքացիական հասարակությունը»՝ ի դեմս ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ։

-Տեխնիկական իմաստով դա անիրագործելի է։ Ես գիտեմ ընտրություններով հետաքրքրված շատ կազմակերպություններ, որ կարող են նստել, իրենց միջից 4 հոգի ջոկել, մյուս օրը ինչ-որ մի խումբ կարող է գալ, ասել՝ մենք էլ ունենք 4 հոգի, որոշենք՝ ո՞վ է գնալու։

Սա իսկապես անպտուղ աշխատանք է, որը տանում է տեղապտույտի։ Եթե ժամանակը չսեղմեր, կարող էինք հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին երկու շաբաթ ժամանակ տալ՝ եկեք, գրանցվեք, քվեարկեք, ընտրվեք, այդ 4 հոգին դուք դարձեք, գնացեք մասնակցեք այդ քննարկումներին։ Այդ ժամանակը մենք չունենք։

Կարծում եմ, ավելի արդյունավետ կլիներ ավելի փոքր թեմատիկ ֆորմատներով քննարկումներ անցկացնել, ասենք, տեղական ինքնակառավարման գլուխը առանձին դնել քննարկման, համամասնական ընտրակարգի, ԶԼՄ-ների, դիտորդների հարցերը՝ առանձին։ Բայց այդ 4 հոգուն ջոկել… Մենք կարող ենք ունենալ հավանական 4 թեկնածու, բայց չենք հավակնում ասել, որ այդ չորսը ներկայացնում են Հայաստանի ամբողջ քաղաքացիական հասարակությունը։ Եթե որեւէ մեկը նման բան ասի՝ շատ միամիտ մարդ կլինի։

Առաջանում է նաեւ հաջորդ հարցը՝ ինչպե՞ս բանակցել, բանակցությունների մասին ինչպիսի՞ իրազեկում իրականացնել, ինչպե՞ս հաշվետու լինել։ Սա ծուղակ է՝ վեճերի մի մեծ կաթսա, որը պիտի եռա՝ ինչքան ասեք։

   -Եթե չեմ սխալվում, դեմ եք նաեւ Էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմանը։ Ինչո՞ւ։

-Իրավիճակի իմ գնահատականը թույլ չի տալիս ինձ ապավինել էլեկտրոնային գործիքներին։ Իշխանությունն ասում է՝ ամեն ինչ լավ է, կան երկրներ, որտեղ այդ համակարգը շատ լավ աշխատում է, բայց ի՞նչ երաշխիք, որ վաղը ծրագրային ապահովման իրենց մասնագետին չեն հեռացնի համակարգչի մոտից ու տրցակով՝ էլեկտրոնային, վիրտուալ ճանապարհով չեն «քվեարկի» այս կամ այն ուժի օգտին։

Ես չեմ վստահում իշխանության տեխնիկական մասնագետներին, չեմ վստահում այն ընդդիմությանը, որը կվստահի իշխանության էլեկտրոնային համակարգերին, մարդկանց նույնականացման, էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության մեխանիզմներին։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031