ԱՄՆ-ում գործունեություն ծավալող 155 թուրքական կազմակերպություն միավորվել է մեկ միասնական «Թուրք-ամերիկյան միջազգային ղեկավարման կոմիտե» անվան ներքո։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այսպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը զգացվել է հաշվի առնելով ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 101-ամյակի հիշատակման արարողությունները, որի օրերին հայկական լոբբիստական կազմակերպություններն առավել ակտիվանում են։
Նոր կազմավորված կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը նպատակ ունի միավորել թուրքական կազմակերպություններին՝ հայկական տեսակետների և պնդումների դեմ միահամուռ ուժերով պայքարելու և ամերիկյան հասարակությանը իրազեկ պահելու և պատմական իրականությունը ներկայացնելու համար։
Հայտարարության մեջ նշվել են նաև կազմակերպության հետապնդած մի շարք այլ նպատակներ, որոնց ձգտելու է հասնել կոմիտեն՝ թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի դինամիկ և օգտակար դարձնելու գործում նպաստ ունենալու համար։