«Այն, որ ընտրողների թիվը ուռճացված է, բոլորն էլ ընդունում են, սակայն հարցերի հարցն այն է, թե Հայաստանը, ի վերջո, քանի ընտրող ունի։ Ինչպես հայտնի է՝ 2011թ.-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար մարդ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառվել է 385 հազար 448 ՀՀ քաղաքացի, բացի այդ՝ եւս 122 հազար 740 ՀՀ քաղաքացի էլ անցած տարի երկարացրել է ՌԴ-ում իր կացության իրավունքի ժամկետը։ Այսինքն՝ այս տարվա սկզբի դրությամբ միայն Ռուսաստանում բնակվում է Հայաստանի 508 հազար քաղաքացի։ Հայտնի է, որ վերջին հինգ տարիներին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ արտագաղթել են նաեւ եվրոպական երկրներ եւ ԱՄՆ։ Սակայն այդ երկրների միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների հրապարակած, բաց ռեսուրսում գտնվող թիվ չունենք։ Ուստի ՀՀ քաղաքացիների թվից հանենք միայն ՌԴ-ում բնակվողների թիվը, եւ կստացվի, որ ՀՀ առկա բնակչության թիվը առավելագույնը կարող է կազմել 2 մլն 260 հազար։ Ընտրողների թիվը սովորաբար կազմում է ընդհանուր բնակչության թվի առավելագույնը 65 տոկոսը։ Հետեւաբար միայն ՌԴ արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը հաշվի առնելով՝ ստացվում է, որ Հայաստանի ընտրողների թիվը կարող է լինել առավելագույնը 1 միլիոն 530 հազարի սահմաններում։
Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ընտրողների թիվն ուռճացված է
առնվազն մեկ միլիոնով։ Եվ պատահական չէ, որ ամենակարեւոր հարցին՝ ինչպես մաքրել ընտրացուցակները, ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն ցանկանում լուծում տալ:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում