Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Հիմնարկի գրադարանում դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ հյուրերը գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ, այնուհետև անդրադարձան օրվա խորհրդին:
Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով իրենց իսկ ստեղծագործություններից:
Պահի ոգևորությունը համակել էր նաև դատապարտյալներին, ովքեր էլ, էստաֆետը վերցնելով երիտասարդ գրողներից, կատարեցին իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք այնքան էին տպավորել ներկաներին, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք հրատարակելու շուրջ:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով պոեզիայի համաշխարհային օրն իրենց հետ նշելու համար` դատապարտյալները հույս հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի գրադարանը կհամալրվի նաև մասնագիտական գրականությամբ:
Նշյալ օրվա կապակցությամբ մարտի 22-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Ներկաներին ողջունելուց և հյուրին ներկայացնելուց հետո Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց ընթերցանության դերը մարդու աշխարհայացքի ու նրա արժեհամակարգի ձևավորման գործում:
Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձան Կ. Խոդիկյանի ստեղծագործություններին, ապա կին դատապարտյալները նաև ասմունքեցին:
Հանդիպման ավարտին Կ. Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին, իսկ դատապարտյալ կանայք էլ վերջինիս` իրենց ձեռքով պատրաստած կավե հուշանվեր` երախտագիտություն հայտնելով հանդիպման և հետաքրքիր զրույցի համար:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին