Լրահոս
Օրվա լրահոսը

Սավչենկոյի հանդեպ կայացրած վճիռը լուրջ բողոք է առաջացրել Արևմուտքում

Մարտ 23,2016 12:03

Դոնեցկի դատարանը «Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության և ՌԴ պետական սահմանը ապօրինի հատման» մեղադրանքով մեղավոր է ճանաչել ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին և դատապարտել նրան 22 տարվա ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 30.000 ռուբլի տուգանք։

Ուկրաինուհի զինծառայողի գործով մեղադրական դատավճիռը, առաջին հերթին, խիստ դժգոհություն է առաջացրել Ուկրաինայում։ Նախագահ Պորոշենկոն իր զայրույթն է արտահայտել դատարանի կայացրած վճռի վերաբերյալ։ LB.ua լրատվական կայքը  մեջբերել է նախագահի խոսքերը. «Նորմանդյան ձևաչափի շրջանակներում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Պուտինը խոստացավ այսպես կոչված դատարանի վճռի հրապարակումից հետո վերադարձնել Սավչենկոյին։ Ժամանակն է կատարել խոստումը»։

Պորոշենկոն իր հերթին խոստացել է Ռուսաստանին հանձնել ռուս զինծառայողներ Ալեքսանդրովին և Երոֆեևին, եթե Ռուսաստանը Ուկրաինային վերադարձնի Սավչենկոյին։ Հիշեցնենք, որ ռուս զինծառայողները մեղադրվում են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի մասնակցելու մեջ։

Սավչենկոյի հանդեպ կայացրած վճիռը լուրջ բողոք է առաջացրել Արևմուտքում։ Մասնավորապես, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների տնօրեն (ODIHR) Մայքլ Ջորջ Լինքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է պահանջել, որպեսզի Սավչենկոն անմիջապես ազատ արձակվի։

Սավչենկոյի գործի վերաբերյալ իր գնահատականն է  տվել նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը անարդարացի է որակել դատարանի վճիռը՝ ասելով. «Նադեժդա Սավչենկոյի գործով կայացված վճիռը ակնհայտ արհամարհանք է՝ ուղղված արդարադատության սկզբունքներին»։

Սավչենկոյի գործով իր անհանգստությունն էր հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ` մտահոգություն հայտնելով, որ ապօրինի դատավճիռ է կայացվում ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյի հանդեպ։ Սավչենկոյի գործով դատարանի կայացրած որոշման այս հատվածը կարծես հատուկ պատասխան լինի Ագրամունտի արտահայտած մտահոգությանը. «Սավչենկոյի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ անդամ, օրենքի ուժ չունի նրա հանդեպ քրեական գործի շրջանակներում»։

Իր դժգոհությունն է արտահայտել նաև Մոսկվայում Եվրամիության ներկայացուցչությունը։ Տարածված հայտարարության մեջ  ասվում է, որ Սավչենկոյի գործով Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է և կառույցը պահանջում է անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի զինծառայողին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031