Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Միսակյանը պնդում է, որ իրեն Հրազդանում դեմքով ճանաչում են

Մարտ 23,2016 11:49

«Վերջին 20 տարիների ընթացքում հրազդանցին հնարավորություն ունի համեմատելու եւ այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելու: Արթուր Միսակյան թեկնածուն շատ լավ հնարավորություն ունի հաղթանակ ամրագրելու»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Հայկական վերածնունդի» կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը:

Հիշեցնենք՝ թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների համար 3 թեկնածուի է գրանցել՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Սասուն Միքայելյանին եւ «Հայկական վերածնունդը» ներկայացնող Արթուր Միսակյանին:

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ավանդաբար 2 թեկնածուներ են առաջադրվել՝ տվյալ պահին գործող քաղաքապետը եւ Սասուն Միքայելյանը, կամ նրա շրջապատից որեւէ մեկը: Այդ հանգամանքը Արթուր Միսակյանին հիմք է տալիս հայտարարել, որ իր առաջադրումը հրազդանյան ընտրություններում թարմություն եւ նոր մոտեցում է բերելու:

Իր հաղթանակում համոզված լինելն էլ ,ասում է, ոչ թե մեծամտության արդյունք է, այլ տեղացիների հետ հանդիպումների ու զրույցների: «14 տարի Արամ Դանիելյանի աշխատանքը հրազդանցիները տեսել են: Սասուն Միքայելյանի աշխատանքը նույնպես հրազդանցիների աչքի առաջ է եղել: Իմ գործը հեշտացել է, քանի որ հրազդանցին համեմատելու հնարավորություն ունի»,- ասաց Արթուր Միսակյանը:

Ամսի 30-ին՝ քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, կլինի նաեւ Արթուր Միսակյանի նախընտրական ծրագրի շնորհանդեսը: «Դա տնտեսական ծրագիր է, որը Հրազդանին զարգացում է բերելու: Այն գրել են Հայաստանի լավագույն մասնագետները»,- ներկայացրեց թեկնածուն:

Հարց հնչեց՝ հրազդանցիները ձեզ դեմքով գոնե ճանաչո՞ւմ են: Պատասխանը կարճ եղավ՝ այո, իհարկե:

Արթուր Միսակյանը հրաժարվեց մեկնաբանել Հրազդանի քաղաքապետի թեկնածուներ Արամ Դանիելյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ սկսված հակամարտությունը: «Մարդիկ փոփոխություն են ուզում, ինտրիգներից ու շոուներից հոգնել են: Ես խաղաղ, կազմակերպված կատարում եմ իմ աշխատանքը ու ցանկություն չունեմ արդեն 20 տարուց ավելի ընթացող այդ հակամարտությունը մեկնաբանել: Նման ճանապարհով այլեւս հնարավոր չէ քվեներ հավաքել»,- ասաց Արթուր Միսակյանը:

Լրագրողներից մեկն էլ նկատեց, որ ՕԵԿ-ի վրա բիծ կա ու հետաքրքրվեց՝ արդյոք դա իրեն չի՞ խանգարելու: Արթուր Միսակյանը նեղսրտեց. «ՕԵԿ-ի վրա բիծ չկա: Ո՞վ է չափել, թե որքան է հասարակության շրջանում նախկինում, այժմ էլ «Հայկական վերածնունդի» հեղինակությունը: Եթե կա մեկը, որ չափել է՝ թող ասի: Հասարակության մի ստվար հատված հավատացել է ՕԵԿ-ին եւ քվեարկել է այդ ուժի օգտին: Քաղաքական տեսանկյունից սնանկ են պնդումները, թե «Հայկական վերածնունդը» չունի հանրային աջակցություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031