ԱՄՆ-ում շարունակվում է երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության թեկնածուների թեժ պայքարը։ Արիզոնայում կայացած փրայմերիզների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունից հաղթանակ է տարել Հիլարի Քլինթոնը, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդներից ամենաշատ ձայները ստացել է Դոնալդ Թրամփը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել Արիզոնային՝ ասելով. «Ես հպարտ եմ, որ հաղթել եմ Արիզոնայում»։
Ստացված արդյունքների համաձայն՝ Արիզոնայում Հիլարի Քլինթոնը ստացել է 60,5%, իսկ ահա նրա հակառակորդ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մյուս հավակնորդը՝ Բերնի Սանդերսը, ստացել է 36,9%։
Պատկերն այլ է ԱՄՆ Յուտա նահանգում կայացած Դեմոկրատական կուսակցության ակտիվի քվեարկության արդյունքներում։ Արդեն հաշվարկված քվեաթերթիկների մի մասի արդյունքները փաստում են, որ այստեղ հաղթանակ կտանի Բերնի Սանդերսը։
Կարդացեք նաև
Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարողների շարքում կրկին առաջատարը Դոնալդ Թրամփն է։ Արդեն հաշվարկվել է քվեաթերթիկների շուրջ կեսը, որի արդյունքներով մեծահարուստ Թրամփը հավաքել է 46,3%, իսկ նրա մրցակիցների Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիքը ստացել են համապատասխանաբար 21,3% և 10,1%։