Մարտի 21-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցու և Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի համատեղ նախաձեռնությամբ, Սուրբ Զատիկին ընդառաջ տեղի ունեցավ հայրենասիրական երեկույթ, որի շրջանակներում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ընթերցվեցին հայ միջնադարյան գրականության վերածնության հիմնադիր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածներ: Պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին:«Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։ Այդ էր պատճառը, որ նրան լսելու և ներկայացնելու էին եկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
Մոմերի լույսի ներքո հավաքվածներին իրենց ընթերցանությամբ ներկայացան Տեր Մաշտոցը (Ալմելոյի Հայկական Եկեղեցի), Նարե Բաբաջանյանը (Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ), Վահագն Մուրադյանը (Ամստերդամի Սրբ. Գ.Նարեկացի կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի ուսանող), Արխիմանդրիտ Սերգեյ Օվսյաննիկովը (Ամստերդամի Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ), Տիգրան Միղդեսյանը (Ամստերդամի Սուրբ Հոգի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ), Էդդի Ռիվհույսը (Ամստերդամի «Oude Kerk» եկեղեցու հոգևոր առաջնորդ), Վահան Ավագյանը (Ամստերդամի Սրբ. Գ.Նարեկացի կիրակնօրյա դպրոցի տնօրեն), Տեր Տարոն Թադևոսյանը (Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգևոր հովիվ):
Երեկոյին ներկ էր Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը , ով ևս ընթերցեց մեծանուն հանճարեղ բանաստեղծի անմահ գործերից:
Նման հայրենասիրական և հայապահպան միջոցառումներ Ամստերդամի հայկական եկեղեցում հաճախ են կազմակերպվում: Հոլանդաբնակ հայերը շարունակում են իրենց կարևոր և գնահատելի ներդրումն ունենալ հայկական համայնքում հայրենասիրական ոգին բարձր պահելու գործում:
Կարդացեք նաև
Տեքստը և լուսանկարները’ Մարիշա Շիկի
(Նիդերլանդական Օրագիր)