ԻՊ նոր ահաբեկչությունը Եվրոպայի սրտում վկայում է, որ սիրիական ճգնաժամը անգամ պարփակված չէ լոկ Սիրիայի սահմաններում կամ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններում և ցանկացած պահի կարող է դուրս գալ դրանից: Սա նշանակում է, որ համաշխարհային անվտանգությունը ոչ միայն ամուր և հուսալի չէ, այլ շարունակում է մնալ խոցելի: Եվ այս հանգամանքը առավել քան ուշադրության է արժանի Հայաստանում, որը շատ մոտ է գտնվում համաշխարհային անվտանգության այդ թեժ օջախին, գտնվում է գրեթե անմիջական հարևանությամբ: Եվ սա էլ ավելանում է այն մարտահրավերներին, որոնք կան ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ՝ մասնավորապես, Ադրբեջանի պահպանվող ռազմատենչության առումով:
Ահա այս համատեքստում առավել քան կարևոր է դառնում մի քանի օր հետո Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որի շրջանակում հնարավոր է համարվում Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը: Համենայնդեպս, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրել է և՛ Ալիևին, և՛ Սարգսյանին: Եվ եթե սրան գումարվի այն, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում առաջ է քաշել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման գաղափարը, ապա բավական իրատեսական են դիտվում փորձագիտական կանխատեսումներն ու նաև ոչ պաշտոնական տեղեկությունները այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում:
Դրա նպատակը, ըստ երևույթին, պետք է լինի Ադրբեջանին ապակառուցողական, մերժողական դաշտից բերել դեպի այդ մեխանիզմի քննարկումների դաշտ: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Եվրոպայում տեղի ունեցած նոր և ուժգին ահաբեկչությունը երկրորդական պլան չի մղի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մեխանիզմի գաղափարը, որ առաջ է քաշում ԱՄՆ-ը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում