Ամերիկացի հանրահայտ դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալը, վիճակախաղ են կազմակերպել, որի հաղթողը հնարավորություն կստանա ապրիլին հյուրընկալվել հանրահայտ ընտանիքի տանը՝ Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
Ընտանիքը ընթրիքի է հրավիրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնին, և վիճակախաղը հնարավորություն կտա հաղթողին ընթրել Քլինթոնի և Քլունիների ընտանիքի հետ։
Նախաձեռնությունը մեկնաբանել է Ջորջ Քլունին. «Ամալն ու ես, Հիլարիի հետ միասին, որոշել ենք հավաքվել մեր տանը՝ Լոս Անջելեսում, ապրիլի 16-ին։ Պատիվ կհամարենք ձեզ այնտեղ տեսնել։ Ուղղակի գրանցվեք, որպեսզի հաղթեք և հնարավորություն ստանաք ներկա գտնվել մեր տանը։
Քլունի ամուսինները խնդրել են վիճակախաղին գրանցվելու համար վճարել նվազագույնը 5 ԱՄՆ դոլար։ Բանն այն է, որ Քլունիների ընտանիքի մտադիր է վիճակախաղի հասույթից ստացված ամբողջ գումարը փոխանցել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչներին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին արդեն ունի նմանատիպ վիճակախաղի կազմակերպելու փորձ։ Մասնավորապես 2012թ. Քլունին նույն ոճի վիճակախաղ էր կազմակերպել, որի ամբողջ հասույթն ուղղվեց ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավին։ Այդ ժամանակ Քլունիի ջանքերով կազմակերպված վիճակախաղի արդյունքում Բարաք Օբամայի քարոզչության կազմակերպման ֆոնդին փոխանցվել էր շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար։