Նախորդ օրը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին պարտվելուց հետո Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանն ու հնդիկ գրոսմայստերը մրցաշարային աղյուսակում տեղերով փոխվեցին:
Այժմ Վիշին եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը 5,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ հորիզոնականները, իսկ Լեւոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան 5,0-ական միավորով հետապնդում են նրանց:
Պարտիայի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք է հնչել, որ Լեւոն Արոնյանը ոչ-ոքիի հասնելու շանս ունեցել է, սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ Անանդը հստակ է իրացրել իր առավելությունը:
Մի խոսքով, մարտի 21-ը Լեւոնի համար հաջող օրերից չէր: Նա, ինչպես նշում են մասնագետները, խաղում էր ոչ-ոքիի համար, բայց նաեւ՝ անփույթ:
Կարդացեք նաև
Երեկ մրցաշարում հերթական հանգստի օրն էր: Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է մրցաշարի ետնապահ, բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Ստեղծված իրավիճակում մնացած հինգ պարտիաներում Լեւոն Արոնյանը պետք է խաղա առավելագույնս հավաքված եւ սայթաքելու իրավունք այլեւս չունի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.03.2016