Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղված հոգիների արձագանքը

Մարտ 23,2016 10:00

Նրանք, ովքեր չարախնդում են, երբ աշխարհի որեւէ ծայրում տեղի է ունենում ահաբեկչություն, այդ մարդիկ, իմ կարծիքով, հոգեկան պաթոլոգիաներ ունեն: Այդպիսիք են, վստահ եմ, նաեւ այն հայերը, որոնք ուրախանում են, երբ նման զարհուրելի հանցագործություններ տեղի են ունենում Թուրքիայում, եւ ահաբեկչության զոհերը թուրքեր են: Ինձ համոզիչ չի թվում Ստամբուլի, Անկարայի եւ Թուրքիայի այլ քաղաքներում պայթյունների «արդարացումը»` «բա որ դուք 1915 թվականին…» տրամաբանությամբ: Եթե մարդը փորձում է որեւէ այլ մարդու արյան միջոցով ապացուցել որեւէ` նույնիսկ ամենաճիշտ գաղափարը, նա հաստատ կարիք ունի դիմելու հոգեբուժական օգնության:
Բրյուսելում երեկ տեղի ունեցած ահաբեկչութամբ ամենաշատը ոգեւորվել են Ռուսաստանի որոշակի շրջանակներ` իմանալով ռուս ժողովրդի` կարեկցելու եւ ուրիշի ցավը զգալու խիստ գնահատելի հատկությունը, ես բացառում եմ, որ նրա մեծամասնությանը դուր գա արյունահեղությունը: Իրենց մեծ եղբայրների օրինակին հետեւում են նաեւ Հայաստանում որոշ ռուսամետներ: Այդ (կրկնեմ, իմ կարծիքով` հոգեպես ոչ առողջ) արձագանքի «հիմնավորումը» հետեւյալն է` տեսա՞ք` ինչ եղավ Եվրոպայում, պայթում է, ոչնչանում է, իսկ բուն պատճառը հանդուրժողականությունն է, «պինդոսներին» լսելն է, այ, որ մեր ուզածով անեիք, հո այդպես չէր լինի, բա որ ամերիկացիները 1999 թվականին ռմբակոծում էին Բելգրադը, բա որ ամբողջ Միջին Արեւելքը խառնեցին, բա Գուանտանամո բանտը…

Խեղված հոգեբանությունը նրանում չէ, որ այդ բոլոր պնդումները սխալ են, այլ նրանում, որ անմեղ մարդկանց կյանքը խլելու համար գտնվում են ինչ-ինչ բացատրություններ, որոնք շատ նման են արդարացումների եւ նույնիսկ զոհերի հանդեպ ինչ-որ մեղադրանքների:
Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը ոգեւորել է նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակներին` բա որ մենք ասում էինք, բա որ դուք մեզ պայթեցնող քրդերին էիք պաշտպանում, մենք ձեզ զգուշացնում էինք եւ այլն: Պարզ է, մի խոսքով, որ տարբեր երկրների քաղաքական գործիչները փորձելու են մարդկանց ողբերգությունն օգտագործելով իրենց «ճշմարտությունները» առաջ տանել: Բայց կան քաղաքական գործիչներ եւ մարդիկ` տարբեր ազգերի, տարբեր կրոնների եւ համոզմունքների: Այդ մարդիկ քաղաքական գործիչներին չպիտի լսեն, նրանց քարոզչության զոհը չպիտի դառնան եւ, ցանկալի է, բոլոր իրադարձություններին մոտենան զուտ մարդկային չափանիշներով: Առաջ մեզ սովորեցնում էին, թե կա դասակարգային ճշմարտություն, արդարություն, բարոյականություն: Հիմա մեզ ուզում են համոզել, որ այդ ամենը կարող է լինել ազգային կամ կրոնական:

Ինչ մնում է Եվրոպային, ապա դրա բնակիչներն, իհարկե, պետք է անեն իրենց եզրակացությունները, Բրյուսելում նստած բյուրոկրատիան նույնպես պետք է հստակեցնի իր դիրքորոշումները: Բայց բացառված է, որ այդ եզրահանգումներն ու փոփոխություններն ուղղված լինեն ընդդեմ եվրոպական հիմնարար արժեքների:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս ամէնը շատ լաւ է, ճիշդ է, վեհանձն եւ ազնվական է, շատ բարի, ծափահարութիւն:

    Միայն թէ… նկատի ունեցէք որ 1970-ական 80-ական թվականներին, տեղի ունեցաւ համաշխարհային տարողութեամբ հայկական ահաբեկչութիւն, որու նաեւ երբեմն զոհ գացին այլազան երկիրների սովորական քաղաքացիներ:

    Անշուշտ սխալ էր, անօրինական էր,անարդարանալի էր, դատապարտելի էր, եւ արդարացիօրէն դատապարտվեցաւ:

    Այսուհանդերձ, առարկայական անհերքելի իրողութիւն է որ, առանց այդ շարժումին, Հայոց Ցեղասպանութիւնը եւ անոր առընչվող բոլոր նիւթերը դատապարտված էին ամբողջական մոռացման, անհետացման:

    Նշենք որ այդ ժամանակաշրջանին չկար Հայոց Պետութիւն:

    Նշենք նաեւ որ այդ հայ ահափեկիչներէն ոմանք հետագային գացին ծառայելու Մայր Հայրենիքում, յատկապէս Արցախեան ճակատի վրայ:

    Եթէ ամէն անգամ որ, ըստ օրվայ տրամադրութեան, ժամանակային քամիների ուղղութեան համեմատ, բարձրաթի՜ռ սկզբունքներ պիտի արտասանենք, եթէ այդ առաքինի գործընթացում՝ պիտի նաեւ ուրանանք մեր իսկ անմիջական, տարրական պատմութիւնը, մի քիչ… վիճելի է մօտեցումը:

  2. Հ.Շ. says:

    Ի դէպ, Օսմանեան եւ Ցարական կայսրութիւնների մէջ, հայերը եւս կը գործէին ահաբեկչական արարքներ:

    Ցեղասպանութեան հիմնական կազմակերպիչներից ոմանք, նաեւ, թիրախ դարձան հայկական ահաբեկչութեան:

    Այդ գործողութիւնների ընթացքին, յաճախ սովորական անձիք կը մահանային, կամ ել ծանրօրէն կը վիրաւորվէին:

    Բարոյական բացարձակ չափանիշներով, ո՞նց ենք արդեօք արժեւորելու այդ արարքները:

    • Կարծում եմ, հեղինակը՝հարգարժան պ. Աբրահամյանը, չի նշավակում ահաբեկչության կապակցությամբ դատողություններ անելը ընդհանրապես, պատճառներ որոնելը/թեպետ այստեղ էլ պետք է շատ զգույշ և զուսպ լինել/: Եվ պետք չէ նաև զուգահեռներ տանել Բրյուսելի, Փարիզի ահաբեկչությունների ու հայ վրիժառուների միջև- Թեյլերյան, Շիրակյան և այլն: Խոսքն այստեղ չարախնդալու, ուրախանալու, ՍՐՏԻ դիրքի մասին է: Չէ՞ որ /Աստված մի արասցե/ անմեղ զոհերի մեջ կարող էին լինել մեր հարազատները, մտերիմները… Եվ ինչու՞ հարազատություն չզգալ ցանկացած երկրի պարզ, սովորական մարդկանց նկատմամբ, ովքեր բոլորովին կապ չունեն իրենց քաղաքական գործիչների չարահնար, մահ ու ավերածություն սփռող վճիռների հետ:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Շնորհակալ եմ:

      • Հ.Շ. says:

        Իսկ այս հաստատումները ո՞նց կը համադրէք ձեր հաճելի մեկնաբանութեան հետ՝

        . « Եթե մարդը փորձում է որեւէ այլ մարդու արյան միջոցով ապացուցել որեւէ` նույնիսկ ամենաճիշտ գաղափարը, նա հաստատ կարիք ունի դիմելու հոգեբուժական օգնության: »

        . «անմեղ մարդկանց կյանքը խլելու համար գտնվում են ինչ-ինչ բացատրություններ, որոնք շատ նման են արդարացումների»

        Յարգելի Խմբագրապետը նիւթը զետեղում է բարոյական այն աստիճանի մակարդակի մը վրայ, ուր սկզբունքային տարբերութիւն չկայ, անմեղ զոհերի նկատմամբ՝ չարախնդութեան եւ… սառն անտարբերութեան միջեւ: Առաւել՝ արիւնալի բրտութիւնը արդարացնելու հակումի քննադատութիւնը:

        Այս տեսանկիւնից, վերեւի մէջբերումները փաստօրէն կը վերաբերին հայերի զործունէութեան եւ կեցվածքին, անոնց մղած վերոյիշեալ ահաբեկչական շարժումների կապակցութեամբ:

        Արդարեւ, կարելի է մտածել թէ այն հայերը որոնց կ’ակնարկէ Խմբագրապետը, պարզապէս, թէկուզ ձախորդ կերպով (ամէն մարդ մտաւորական կամ պերճախօս չէ), ուզում են արտայայտել այն նոյն միտքերը կամ զգացումները, զորս վերեւ ջանացի նշել:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Վերջին նախադասությանը անդրադառնամ՝ պետք չէ հրապարակավ ԲԱՑԱՌԵԼ որևէ բան, այն էլ այս սրընթաց և անկանխատեսելի իրադարձություններով ժամանակներում, քանի որ չի բացառվում, որ մեկ տարի էլ չանցած՝ Ձեր այսօրվա բացառածը իրականություն լինի: իսկի եվրոպացիները չեն բացառում, որ ստիպված են լինելու վերանայել շատ բաներ: Ի դեպ՝ եթե չվերանայեն, եվրոպան ուղղակի չի դիմանա այս կյանքի տեմպին: Եթե եվրոպացիք հասկանան, որ իշխանությունները չեն պատրաստվում կամ էլ ի վիճակի չեն փոխել իրավիճակը, ասպարեզ կգան ու ղեկը իրենց ձեռքը կվերցնեն նացիոնալիստները, և եվրոպացիները կգնան նրանց ետևից… հաստատ կգնան: Իսկ աջ ուժերի մոտ այդ ՛՛հիմնարար սկզբունքները՛՛ տարբերվում են Ձեր պատկերացրածից: Վարֆոլոմեյյան գիշերը ֆրանսիացիք մեծ ոգևորությամբ կոտորում էին այլ հավատքի մարդկանց, իսկ թե ինչի են ընդունակ գերմանացիները…. ոչ ոք դա չի մոռացել:
    Դե իսկ Անկարայում եղած պայթյունների մասով ՝ հուսով եմ դրանք վերջինը չեն լինի և դեռ էլի կլսենք նման լուրեր

    • Թվում էր, տրամաբանական դատողություններ եմ ընթերցում: Արժե, թերևս, մտորել ,,եվրոպական արժեքների,, մասին, մատնանշել ոչ միայն Բարդուղիմեոսյան գիշերը, ֆաշիզմը, այլև գազութատի-րությունը, այնքա՜ն տառապանքները, որ պատճառել են ուրիշ ժողովուրդների: Արժե հիշատակել եվրոպական քաղաքականության երսպաշտությունը,հիշել թե ինչպես էին ձեռքերը ծալած հետևում հայոց ցեղասպանությանը, ինչպես են ներկայում աչք փակում մեր ներկա իրողությունների՝ ընտրա-կեզծարարության, աղաղակող անարդարությունների վրա՝ իրենց հաշվարկներից ելնելով: Հիշել նաև ,,արևմտյան,, կոչվող ժողովրդավարության խեղվածությունը, ,,մարդու իրավունքների,, անվան տակ՝ ճշմարիտ մարդկային, քրիստոնեական արժեքների ոտնահարումը,սանձարձակության, սոդոմական-ության ծաղկումը և այլն: Այս ամենը,սակայն, մեկ ուրիշ թեմա է: Հիմա՝ վերջին նախադասության առիթով: Պարո՚ ն,երբեք չեն կարող մեզ համար շահեկան լինել Անկարայում կամ այլուր կատարվող ահաբեկչությունները: Ընդհակառակը, դա նրանց կտա զոհի, ,,մարտիրոսի,, կարգավիճակ: Առավելևս՝ չեն կարող ուրախանալու առիթ լինել,մանավանդ՝ զոհերի մեջ կարող են հայտնվել մեր հայրենակիցները: Ի վերջո, մարդիկ են զոհվում, երեխաներ… Հասկանա՚ նք, ,,ակն ընդ ականի,, հոգեբանությունը երբեք օգտավետ չի եղել, հաղթանակի չի բերել: Մեր հաղթանակները՝ Սարդարապատ, Արցախ և այլն, ո՚ չ մի կերպ ատելության մաղձով, այլոց ողբերգության վրա չարախնդալով չեն ուղեկցվել, այլ կերտվել են արդար ընդվզման ու քաջության ոգով: Ատելությունն ու չարախնդումը թույլի, անճարի հոգեբանությունն է: Հիշենք լուսահոգի Հրանտ Դինքին: Նա չէր անրջում, որ Թուրքիայում ահաբեկումներ, երկրաշարժեր, ավերումներ լինեն: Իր հրապարակումներով ուկյանքով նա ձգտում էր Թուրքիայում մարդկայնություն, իրական ժողովրդավարություն սերմանել,որով և կքայքայվեր զուտ թրքական մտածելակերպը, կսասանվեր պանթուրքիզմի հողը, պիտի պայթեր իբրև թե քաղաքակիրթ ու հզոր պետություն կառուցելու թուրքական փուչիկը: Եվ դա տվեց իր պտուղները, նաև՝ նրա ողբերգական մահվան գնով: Ի վերջո, օրերից մի օր Թուրքիան ծնկի է գալու՝ առերեսվելով պատմության հետ ևհատուցելով մեր անլուր զրկանքները: Ինչ խոսք, դրան կնախորդեն ու կնպաստեն տարբեր անցքեր, իրադարձու-թյուններ: Բայց ո՚ չ երբեք խելացնոր ահաբեկչությունները, որոնց դեմ է մարդկային առողջ բանականությունը:

      • Հրանտ Պապիկյան says:

        Դե ինչ արած, եթե ընդհանուր առմամբ համամիտ ենք, թող այս մոտեցմամբ էլ ես ծայրահեղական թվամ: Ես չեմ անրջում, որ Անկարայում կամ բաքվում երեխաներ կոտորվեն, ինչպես Դուք եք նկարագրում: Եվ պասսիվ անիծողներից էլ չեմ: Ես ՊԱՏԻՎ եմ ունեցել իմ լուման ներդնել հայ տեսակի դարավոր կռվին՝ ռազմի դաշտում, և հիմա էլ,եթե կարիքը զգացվի, հաստատ անմասն չեմ մնալու…
        Բայց երբեմն ինձ թվում է, որ հասունացել է նաև հենց իր՝ բարձրյալի միջամտությունների ժամանակը մեր կյանքին: Ոչինչ պատահական չէ այս կյանքում, ինչպես պատահական չէր նաև Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը, որոնք եթե հիշում եք՝ ի պատիժ իրենց բնակիչների մեղքերի ջնջվեցին Սիդդիմի դաշտավայրից: Այդ ՛՛անքննելի՛՛ որոշման համար, որը կարծում եմ մի օրում չի կայացվել, մեղավոր են ճանաչվել հենց իրենք՝ կործանվողները…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031