Օրեր առաջ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ասուլիսում տեղեկացրել էր, որ Հայաստանի հարթավայրային հատվածներում ցրտահարություն է սպասվում, անգամ բջջային օպերատորների միջոցով են հանրությանը իրազեկել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել այգիները պաշտպանելու համար:
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մարդիկ ցրտահարության դեմ պայքարի ուրույն միջոց էին մտածել: Ոմանք իրենց՝ արդեն ծաղկած այգիներում բարձրախոսներ էին տեղադրել ու քանի օր շարունակ դասական երաժշտություն էին սփռում այգիներով մեկ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ջրաշենում այգի ունեցող Գոհար Գրիգորյանը՝ ուղարկելով այս լուսանկարը: Երեկ տիկին Գրիգորյանը ցավով փաստեց, որ բարձր միացված դասական երաժշտությունն էլ չի ջերմացրել ծաղկած ծառերը, ցրտահարությունը չի շրջանցել նաեւ Ջրաշենի այգիները:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
22.03.2016