Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի Մարտի 1-ը

Մարտ 23,2016 15:00

Բուռն ծափահարություններ Օսկանյանի բեմելից առաջ

Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Նա նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի: Օսկանյանն արդեն իսկ հայտարարում է, որ որեւէ մեկին չի բացառում եւ բոլորի հետ էլ հնարավոր է՝ աշխատի. «Այն կուսակցությունները, որոնց հետ մենք ունենք ընդհանրություն՝ ե՛ւ նպատակների, ե՛ւ գաղափարական հենքի, ես տեսնում եմ իրոք համագործակցություն եւ այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ որեւէ մեկին չեմ բացառում, բոլորի հետ էլ հնարավոր է՝ աշխատեմ։ Կարող է գաղափարախոսության հարցերով ինչ-որ հակասություններ լինեն, բայց եթե մի նպատակ է դրվում, կարելի է այդ նպատակի շուրջ աշխատել, եւ նպատակի շուրջ շատ ավելի հեշտ է համախմբվել»:

Ռոբերտքոչարյանամետ, երբեմնի` Գագիկծառուկյանամետ գործիչները մեկը մյուսի հետեւից իրենց հիացմունքն են հայտնում Օսկանյանի` կուսակցության հիմնադրման ցանկությամբ: Մեկը վստահեցնում է, թե Օսկանյանը «կխառնի բոլորի խաղաքարտերը», «դաշտում էական փոփոխություններ կլինեն», մյուսը նկատում է. «Օսկանյանը ընդունելի է քաղաքական շրջանակների համար, անցել է մեծ ճանապարհ՝ ընդ որում՝ նա կապեր ունի ու ընդունելի է արտաքին՝ ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ Ռուսաստանի կողմից, նա ի վիճակի է պառլամենտում լուրջ կռիվ տալու: Նա ոչ մի ճամբար չի փոխել՝ Քոչարյանի ժամանակ էլ է նույնը մնացել, հիմա էլ»:

Ինչ վերաբերում ՀԱԿ-ին, ապա այս ուժի պահվածքում զարմանալու առիթ չկա: Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ որեւէ քաղաքական ուժին կցվելու ձգտումներ ունենալով՝ ՀԱԿ-ից էլ անմիջապես շեշտեցին. «Եթե ընդհանուր եզրեր գտնեն, բնականաբար, կհամագործակցեն Վարդան Օսկանյանի կուսակցության հետ», իսկ, երբ պահը գա, «կորոշեն՝ ընտրություններին գնում են միայնա՞կ, թե՞ դաշինքով»։ Իսկ «Հրապարակ» թերթի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչն ավելի էր անկեղծացել: Եթե պարզվի, որ Օսկանյանի կուսակցությունը ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց նա գլխավորի համամասնական ցուցակը, ՀԱԿ ներկայացուցիչն այս համատեքստում նկատել էր. «Այս ընտրություններում մեր հիմնական թիրախը պետք է ռեժիմը լինի, միայն ու միայն, այդ դեպքում արդեն մենք կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար։ Ես որեւէ արատավոր բան դրանում չեմ տեսնում»:

Առհասարակ, ինչո՞ւ պետք է Օսկանյանն իրեն պատասխանատու զգա Մարտի 1-ի համար, եթե ՀԱԿ-ը՝ իր առաջնորդով, դեռ տարիներ առաջ Միասնական շտաբում նստեց Օսկանյանի կողքին, ու միասին փորձում էին Սերժ Սարգսյանի իշխանական բուրգը «կազմաքանդել» եւ «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել:
Օսկանյանն այսօր հայտարարում է, որ Մարտի 1-ի համար այդ օրվա իշխանությունը միանշանակ պատասխանատվություն էր կրում. «Ես այդ իշխանության մաս եմ եղել, եւ հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ մի հատ թարմացնենք հիշողությունը, YouTube-ում կա իմ ելույթը, որը կրակոցներից 3-4 ժամ առաջ է տեղի ունեցել, ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է, եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել։ Ես շահեկանորեն տարբերվում եմ նաեւ մյուս բոլոր քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել իսկապես կանգնել կամերայի առաջ եւ կոչ անել՝ ե՛ւ հանրապետության նախագահին, այսինքն` իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»։ Պարզվում է՝ Օսկանյանի ստեղծելիք կուսակցության օրակարգում կարող է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտման հարցն էլ հայտնվել, նա համարում է, որ իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, եւ ինքը ամեն դեպքում կաջակցի:

Այն, որ քաղաքական դաշտում որոշների համար Մարտի 1-ն անցած փուլ է, ու այսօր խոչընդոտ չէ Մարտի 1-ի դերակատարների հետ դաշինքներ ստեղծելու շուրջ բանակցելը` դա պարզ էր բոլորին վաղուց: Լավագույն դեպքում նրանք կսահմանափակվեն՝ հայտարարելով. «Մարտի 1-ը պետք է բացահայտվի», կամ` «իշխանությունը ոչինչ չարեց, որպեսզի բացահայտի Մարտի 1-ը», ու առաջ կանցնեն:
Սակայն հատկապես Օսկանյանի դերակատարությունը՝ անկախ նրանից, թե նա ի վերջո կուսակցություն կստեղծի, թե ոչ, հանրությանը արժե հիշեցնել, մանավանդ, որ նա այսօր անձամբ է ներկայացնում իր «անձնուրաց» կեցվածքն այդ օրերին ու փորձում է իրեն «մաքրել»:

Օսկանյանաբար` Մարտի 1-ից առաջ եւ հետո

Դեռ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ` հունվարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալի հետ համատեղ ասուլիսում, առանց անուններ շեշտելու, Օսկանյանը նշում է. «Կան ուժեր, որոնք կուզեն ապակայունացնել Հայաստանը»:
Փետրվարի 20-ին` նախագահական ընտրություններից մեկ օր անց, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է. «2008թ. փետրվարի 19-ին կայացան ՀՀ նախագահի ընտրությունները: Ընտրություններն անցան ազատ եւ արդար, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների ոգուն համահունչ»: Իսկ փետրվարի 29-ին Ռ. Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ ասում է, որ տեսնում է երկու տարբերակ. «Առաջինը` համբերատար սպասել, թե երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել այդ հրապարակը, եւ դրանով նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ` այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված եւ հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում»:
Այնուհետեւ գործի է անցնում Օսկանյանը` ջանք չխնայելով Մարտի 1-ի ոճրագործությունը քողարկելու, իրական պատկերը խեղաթյուրելու եւ միջազգային հանրության հնարավոր քայլերը կանխարգելելու ուղղությամբ:

Տեղի ունեցած նախագահական ընտրությունների առնչությամբ այդ օրերին հայտարարությամբ հանդես են գալիս Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը:

Դեսպանների կոչը` հավատարիմ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, անպատիժ չմնաց: Նույն օրը նրանք ոչ միայն ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոններից, այլեւ Ռ. Քոչարյանի կողմից զրկում են իրենց դիվանագիտական կոչումներից: Ապա տարածվում է ԱԳՆ վեց այլ պաշտոնյաների` մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանի, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի, ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանի, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանի եւ Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանի հայտարարությունը, որով նրանք մտահոգություն են հայտնում հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ:

ԱԳՆ նշյալ աշխատակիցների հայտարարությունը նույնպես անհետեւանք չի մնում. Օսկանյանը նրանց աշխատանքից ազատում է, որպեսզի կանխի ԱԳՆ-ի, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների աշխատակիցների նմանատիպ քայլերը, որոնք կարող էին հանգեցնել իշխանական բուրգի փլուզմանը:

Մարտի 1-ին նախագահական նստավայրում Օսկանյանն ասուլիս է հրավիրում: Youtube-ում տեղադրված տեսանյութից երեւում է, թե ինչպես է Օսկանյանը ջանքեր գործադրում` իշխանությունների դեմքը փրկելու համար: «Ես կարող եմ փոխանցել այն, ինչ որ նախագահն ինձ ասել է առ այն, որ եթե իրավիճակը սրվի, շարունակվեն այդ ոտնձգությունները, նախագահը ստիպված կլինի իր ցանկությանը դեմ իսկապես հայտարարել հատուկ իրավիճակ Հայաստանում: …Սա իններորդ օրն է արդեն, ինը օր անընդհատ հավաքներ են եղել տարբեր չափերի, մարդիկ վրանների տակ գիշերներ են անցկացրել Օպերայի հրապարակում, եւ այդ բոլորի նկատմամբ ակնհայտ հանդուրժողականություն է դրսեւորվել: Այնպես որ՝ նման ոտնձգություններն այս բոլորին նոր որակ են հաղորդում, բայց դրա արձագանքը, հակազդեցությունը` որ պահին ինչ կլինի, ես դժվարանում եմ ասել, դա միայն իրավապահ մարմինները կարող են գնահատել:
Բայց նախագահի ցանկությունը ես ասացի` ուժ չկիրառել, առաջին օրվանից դա է եղել, եւ եթե իրավիճակը շարունակի սրվել, արդեն օրենքի շրջանակներում, Սահմանադրության շրջանակներում, կարծում եմ, համապատասխան քայլեր կարվեն` հանրապետության ներսում անվտանգությունը ապահովելու համար»:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ «մաքրելուց», նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երեւանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ կրակ բացելուց, 10 անմեղ քաղաքացիների սպանությունից հետո` Երեւանում մարտի 1-ից 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվում:

Նկատենք, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործում էր շտաբ, որում ներգրավված էր նաեւ Վարդան Օսկանյանը:

Մարտի 1-ին արդեն Օսկանյանի օգնական Սալբի Ղազարյանը պարզաբանումներ է տալիս օտարերկրյա ԶԼՄ-ներին: CNN-ի կայքում մարտի 1-ին տեղադրված հրապարակման մեջ, ճիշտ այն օրը, երբ նույնիսկ իրավապահները դեռ չէին հասցրել իրենց գնահատականների համար համարժեք իրավական-օրինական հիմք ապահովել, Ս. Ղազարյանը «բացատրում է» Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու պատճառները: Նա հայտարարում է, որ իշխանությունները համոզված են եղել, որ ցուցարարները զինված են, եւ ըստ նրա` «պարզվել էր, որ իշխանությունները իրավացի էին»: Սա այն դեպքում, երբ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց Օպերայի հրապարակին կից տարածքում «հայտնաբերված» զենքը վերագրել որեւէ ցուցարարի:

Մարտի 4-ին Օսկանյանը ԱԳՆ-ում հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացնում է, թե Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան շրջանում նախօրեին բավական լուրջ ոտնձգություն է եղել հայկական ուժերի նկատմամբ, կան զոհեր. «Մենք ինչ-որ պահի մի դիրք կորցրել էինք, բայց կարող եմ ասել, որ մենք վերականգնել ենք նախկին դիրքերը: Մենք դատապարտում ենք, իհարկե, այս ոտնձգությունը, գտնում ենք, որ սա ադրբեջանական կողմից լուրջ շահարկում է Հայաստանում ստեղծված իրավիճակին»: Մարտի 13-ին հրավիրած ասուլիսում նա հայտարարում է. «Այս պահի դրությամբ մենք մի դիլեմայի առաջ ենք` երկրի կայունությունը, ժողովրդի անվտանգությունը եւ մեր ժողովրդավարական արժեքները, ազատությունները, հասարակության իրավունքները: ՀՀ նախագահը այս դիլեմայի առաջ է: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն միանշանակ չէ` ինքը պետք է կարողանա հավասարակշռել, եւ դա հեշտ գործ չէ: Եվ այս հավասարակշռության գործընթացում ինչքան երկար տեւի սա, այնքան կտուժի հանրությունը, այնքան կտուժի Հայաստանը»:

Մարտի 28-ին Օսկանյանը «Ազատություն» ռ/կ-ին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում նշում է, որ մարտի 1-ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա, ապա հարցին, թե արդյոք կմնա՞ նոր կառավարության կազմում, պատասխանում է. «Սպասենք վարչապետի նշանակմանը»: Սակայն ապրիլի 11-ին, երբ արդեն Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնել էր նախագահի պաշտոնը, Օսկանյանը ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարում է. «Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլեւս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի»:
Այսօր, հավանաբար, Օսկանյանը 2008-ից իր չիրականացած նպատակներն առաջիկայում է փորձելու կյանքի կոչել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Վարդան Օսկանյանի արտաքին քաղաքական «ձեռքբերումների», մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացում նրա «անուրանալի» դերակատարման մասին կարդացեք` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

«Առավոտ» օրաթերթ
22.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maga says:

    Բոլոր լրատվամիջոցները նշել են, որ շտաբը ղեկավարել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

  2. Հ.Շ. says:

    Թէ որ այդպէս եղել է, կամ ոչ,
    ամէն դէպքում, պարզ է թէ այդ չէ նիւթը, այստեղ:

    Նիւթը այն է թէ՝ տակաւին ո՞նց Վարդան Օսկանյան մը «երես ունի» մէջտեղները լինելու, եւ ինքզինք ներկայացնելու որպէս ընդդիմադիրը կամ խիստ քննադատը այն իսկ վարչակարգին որու մաս կազմած է, բարձրաստիճան պաշտօնով, տասը տարիներ շարունակաբար, եւ մինչեւ ապրիլ 2008:

    Նաեւ, Մարտ 1-ի կապակցութեամբ իր խոստովանքը նորութիւն է: Մինչեւ օրս, փախչիլ կը ջանար այդ նիւթից: Հիմա, այդ ուղղութեամբ եւս, փորձում է մի նոր – ցաւալի – ռազմավարութիւն:

    Իր ժամանակը անցած, վերջացած է, շատոնց: Տակաւին եթէ կ’ուզէ յոյս մը ունենալ պատիւը փրկելու Պատմութեան առջեւ, գոնէ թող լռէ ու քաշվի քաղաքական դաշտից:

    Սակայն թերեւս այդքան ալ այպանելի չէ այս երկորդական դերակատարը, քանզի այդ տարրական գիտակցութիւնը չունեցան իրմէ շատ աւելի մեծ «ձուկեր» անգամ: Սկսեալ Լեւոն Տէր-Պետրոսյանէ մը: Որ, ի դէպ, այդ ողբերգական շտապը ղեկավարողը չէր, սակայն այդ շտապին առջեւ ժողովուրդը շպրտողն էր, ինք իր տան մէջ ապաստանած, լաւ գիտնալով թէ ինչ է կատարվելու:

  3. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում Марине ներկայացող օգտատիրոջ ոչ կոռեկտ բառապաշարի, ինչպես նաեւ ռասիզմի տարրեր պարունակող գրառումերի վրա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031