Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուրտը սառեցրել է ոչ միայն գյուղացիների պտղատու ծառերը, այլեւ վարկերը

Մարտ 23,2016 14:30

Մարտի 16-ի լույս 17-ի եւ նախօրեի գիշերն արձանագրված ցուրտը սառեցրել է ոչ միայն գյուղացիների պտղատու ծառերը, այլեւ վարկերը: Ցրտահարությունից տուժած գյուղերի գյուղացիների մեծ մասը գյուղվարկերի տակ են, որոնց բարեհաջող մարումը կախված էր եղանակի բարեհաճությունից:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արարատի եւ Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի գյուղապետեր ասացին, որ այգեգործները «գլուխները բռնած» նստած են՝ առաջին հերթին մտահոգվելով, թե ինչպես պետք է մարեն վարկերը:
«Առավոտի» հարցին, թե ձեր գյուղացիներն է՞լ են վարկերի տակ, Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի գյուղապետ Հուսիկ Սահակյանն ասաց՝ «իսկ տենց գյուղ կա՞, որ վարկերի տակ չլինի»:

Գյուղատնտեսության նախարարությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալները, իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ մարտի 20-ին Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում՝ -2, Արարատում՝ 0-ին մոտ, Արենիում՝ -2, Բագրատաշենում՝ -2, իսկ հողի մակերեւույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ: Թե ցածր ջերմաստիճանը որքան է՝ գյուղնախարարությունը չի հրապարակում: Սակայն մեզ հետ զրույցում գյուղապետերը, որոնց գյուղերում հատկապես ծիրանենիները գրեթե 100 տոկոսով ցրտահարվել են, վստահեցրին, որ անցյալ գիշեր բացասական ջերմաստիճանը հասել է մինչեւ -7-ից -9-ի, որի պայմաններում ոչ ծխահարությունը, ոչ էլ այգիներն առատ ոռոգելը, ինչպես որ ամեն անգամ գյուղացիներին խորհուրդ է տալիս նախարարությունը, չեն օգնի, ընդհակառակը՝ գյուղացիների համար լրացուցիչ ծախս կլինի:

Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ ցրտահարությունից հիմնականում տուժել են Արմավիրի մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջանների, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքների, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի գյուղերի պտղատու այգիները՝ մասնավորապես ծիրանենիները: Վնասներ են կրել նաեւ Վայոց ձորի մարզում հիմնականում Արենի եւ Ռինդ գյուղերի այգիները, Տավուշի եւ Լոռու մարզի որոշ գյուղեր:

Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը երեկ առավոտյան ժամը 9-ն անց կեսին այգում չափել է ջերմաստիճանը եւ պարզել, որ անգամ առավոտյան -2 աստիճան է եղել: Ըստ նրա՝ գիշերը -7-ի է հասել, ինչի հետեւանքով ամբողջ գյուղի ծիրանենիները ցրտահարվել են, ինչպես գյուղապետն ասաց՝ ծաղիկը սեւացել՝ թափվել է: Ռինդի գյուղացիները մտավախություն ունեն, որ խաղողն էլ է ցրտահարվել, քանի որ, Հուսիկ Սահակյանի խոսքերով, «խաղողի մեջ հյութաշարժությունն արդեն սկսվել էր»: Այս գյուղում սառնամանիքից նաեւ տուժել են նշենիները, հոնի ծառերը: Ռինդի բարձրադիր գոտիներում միայն ոչ բոլոր պտուղներն են տուժել, քանի որ ծառերը դեռ ծաղկած չեն եղել: Ռինդի գյուղապետը բնության պատճառած վնասները դեռ չի հաշվարկել, բայց գյուղացիների կրած վնասների չափը, դատելով ցրտահարված ծիրանենիներից, արդեն պատկերացնում է՝ հատկապես, որ նրանցից շատերը գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկերը մարում են մրգերի վաճառքից ստացված գումարներով: Եթե բնությունը բարեհաճ է գտնվում, այս գյուղից տարեկան մոտ 1500 տոննա դեղձ, 1000 տոննա ծիրան, 800-1000 տոննա խաղող են վաճառքի հանում, մեծ մասն էլ արտահանում:

Մեր այն հարցին, թե այգիները ջրե՞լ եք, ծխահարե՞լ եք, ինչպես որ հորդորել էր գյուղնախարարությունը, Հուսիկ Սահակյանն ասաց, որ ոռոգման սեզոնը սկսվում է ապրիլի 15-ից, այդուհանդերձ՝ այդ միջոցները չեն էլ օգնում, եթե ջերմաստիճանը -1-ից կամ -2-ից ավելի է լինում:

Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ վաղահաս դեղձենիները նույնպես տուժել են. «Այս գիշեր էլ է սպասվում ցրտահարություն, որից հետո վերջնական պարզ կլինի վնասների չափը: Գյուղի՝ հիմնականում բարձրադիր գոտիներում -4-5 աստիճան ցուրտ է եղել, ծիրան մեզ մոտ քիչ կա, եւ որը շուտ ծաղկել է՝ տուժել է»:

Բագրատաշենը նման ցրտահարություն տեսել է նաեւ երեք տարի առաջ, երբ գյուղի բերքը քառասուն տոկոսով վնասվել է:

Փոխհատուցում կլինի, թե ոչ՝ գյուղապետերը չեն կարող ասել:

«Օգնի էլ՝ շնորհակալ կլինենք, չօգնի էլ՝ էլի շնորհակալ կլինենք»,- ասաց Էջմիածնի Բաղրամյանի գյուղապետ Բաբկեն Շահբազյանը: Բաղրամյանում նույնպես ծիրանի այգիները ցրտահարվել են, թեեւ գյուղապետը խոստովանում է, որ իրենց գյուղում «այգեգործությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ»: Նրա խոսքերով. «Տնամերձերով հանդերձ՝ 10-15 հեկտար են մեր այգիները, որոնք, սակայն, 100 տոկոսով ցուրտը տարել է: Բալենիները նույնպես տուժել են: Այդ գիշեր -6-7 աստիճան ցուրտ է եղել: Այդ պայմաններում ինչ էլ որ լինի՝ չի փրկվի»: Գյուղապետ Շահբազյանն ասաց, որ իրենց այսօր հրավիրել են մարզպետարան՝ վնասի չափը ճշտելու: Բաղրամյանում սալորենիները եւս ծաղկած են եղել, սակայն սալորի հույս էլ բաղրամյանցիները չունեն եւ համոզված են, որ այլ՝ չծաղկած պտուղներ էլ ցուրտը տարած կլինի. «Մի 10-15 օրից լրիվ կերեւա, երբ ծաղիկը թափվի: Դեղձենին ճիշտ է՝ փակ վիճակում է, չի ծաղկել, բայց չեմ կարծում, որ կմնա, վեց ժամ մինուս է եղել»,- ասաց Բաբկեն Շահբազյանը: Բաղրամյանցիներն էլ հետեւելով գյուղնախարարության խորհրդին՝ այգիները ծխահարել են, բայց ջուր չեն ունեցել, որ առատ ջրեն: Թեեւ ծխահարությունն էլ օգուտ չի տվել, ինչպես գյուղապետն է ասում՝ ամբողջ համայնքը ծխահարված է եղել, բայց թեթեւ քամուց ծուխն այս ու այն կողմ է ցրվել եւ նպատակին չի ծառայել:

Ջրաշենի գյուղապետ Խաչատուր Դավթյանն ասաց, որ ծիրանի այգիներն իրենց գյուղում 30,7 հեկտար են կազմում, եւ հենց ծիրանենիներն էլ ցրտահարվել են: Այս գյուղում էլ վնասները դեռ չեն հաշվարկել, սակայն գյուղապետը մի բան հաստատ գիտի՝ գյուղացիները վարկերի ու պարտքերի տակ են. «2013-ի կարկուտից հետո դեռ ուշքի չէինք եկել, նոր-նոր դզվում էինք, այսօր ավելացավ այդ պարտքն էլ»:

Ջրաշենի գյուղապետի խոսքերով՝ քանի որ իրենց գյուղը Արարատյան դաշտավայրում է, ծիրանի նորմալ բերք են ստանում եւ հիմնական մասն արտահանում էին Ռուսաստանի Դաշնություն, ինչից էլ գոյանում էր գյուղացիների եկամուտը, սակայն վերջին մի քանի օրերի ցրտահարությունը ջրաշենցիների այդ հույսը խափանեց:

Այս գյուղում էլ չեն կարողացել առատ ոռոգել, քանի որ ոռոգման առուներն, ինչպես գյուղապետն ասաց, դեռ պատրաստ չեն. «Մինչեւ չվերանորոգվի, չպատրաստվի, ո՞նց ջրենք»:

Ջրաշենն ունի 250 տնտեսություն:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031