Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաները հիշեցին, որ բրոքերը նոտարի գրասենյակում է գտնվել անվտանգության աշխատակիցների հետ

Մարտ 23,2016 14:00

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչության դատախազ Տիգրան Ենոքյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց Խաչիկ Յանթուրյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրողի, Խ. Յանթուրյանը մեղադրվում է մորաքրոջը՝ Վարսիկ Մադոյանին եւ նրա որդուն՝ անհայտ բացակայող ճանաչված Կամո Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վաճառելու, եւ գումարը յուրացնելու համար: Գումարի չափը կազմում էր 26 միլիոն 605 000 ՀՀ դրամ:

Մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի 20.01.2011թ. թիվ 21-Ա որոշմամբ նշանակվել է անգործունակ ճանաչված Վ.Մադոյանի խնամակալ: Ստանալով գույքի օտարման իրավունք, նա իր կնոջ եղբոր՝ Գարեգին Կարապետյանի հետ վաճառել է մորաքրոջ, նրա որդու՝ Աղայան փողոցի 9 բնակարանը: Ամբաստանյալը նախ բնակարանը ձեւական վաճառել է Գարեգին Կարապետյանին, ապա նրա օգնությամբ Ֆրանսիայից Հայաստան բնակարան փնտրող մեր հայրենակիցներին՝ Ժոզեֆ Լուի Երգանյանին եւ Մարգարիտ Սիմոնյանին: 78 000 դոլարին համարժեք գումարով վաճառել է բնակարանը ֆրանսահայերին, մորաքրոջ անվամբ գնել Կոտայքի մարզում 1 միլիոն 500 000 ՀՀ դրամ արժողության տուն:

Տարբերություն գումարը յուրացվել էր:

Դատավոր Արմեն Բեկթաշյանի հարցին ամբաստանյալը պատասխանեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Խ. Յանթուրյանի պաշտպանությունն իրականացնում էր հանրային պաշտպանի գրասենյակից Աննա Ջուվանովան: Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Դատարան էր ներկայացել վկա Լուսինե Գուզուչյանը: Ֆրանսիայում բնակվող Մարգարիտ Սիմոնյանը նրա հորաքրոջ դուստրն է: Վերջինը Լուսինեին տվել է լիազորագիր՝ բնակարան գնելու, իր անունից պատկան մարմիններում հանդես գալու համար:
Վկան մեկ անգամ էր տեսել ամբաստանյալին: Նոտարական գրասենյակում նա տեսել էր մի «երեխայի», որը իր նկարագրածով կլիներ քսան տարեկան: Այս վկան անվերջ նշում էր երեխա բառը, ինչի կապակցությամբ կողմերը փորձեցին ճշտել, թե գործարք կնքվել է չափահա՞ս մարդու հետ, թե՞ անչափահասի:

Նա ասաց, թե 20 տարեկան երեխա է ասում, քանի որ նույն հասակի երեխաներ ունի:
Վկան հիշեց, որ մինչ բնակարանը գնելը հանդիպել է Տիգրան անունով բրոքերին, որի ազգանունը չգիտեր, նա էլ երկու տղաների հետ էր: Մինչ գործարքը կատարելը կանխավճար են տվել՝ 900, թե 1000 դոլարի չափով, սակայն, երբ Ֆրանսիայից իր ազգականները եկել են, նոտարական գրասենյակում չեն հասցրել լինել անձամբ, քանի որ վաճառող կողմը ձգձգում էր գործարքը, պատճառաբանելով, թե բնակարանի տերն այստեղ չէ՝ Ղարաբաղում է:

Ստիպված են եղել այլ բնակարաններ էլ նայել:

Ըստ վկայի, նոտարական գրասենյակում եղել են բազմաթիվ տղաներ, որն իրեն ապշեցրել է, այդ թվում՝ Տիգրան անունով բրոքերը, որը միայնակ չէր, իր ասելով՝ անվտանգության երկու աշխատակիցների հետ: Բնակարանը վաճառել են 78 000 դոլարին համարժեք ՀՀ դրամով: Վկան այդ ժամանակվա տարադրամի փոխարժեքը չէր հիշում:

Նախաքննության ժամանակ Լուսինեն ասել էր. «Նախավճարի պայմանագիրը կնքելուց հետո, հուլիսի վերջերին, ստույգ օրը չեմ հիշում, իմ ու բնակարանի տիրոջ հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որով նշված բնակարանը վաճառվել է ինձ: Մենք գնացել ենք Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Կորյուն փողոցի հատման հատվածում գտնվող «Պոնչիկանոցի» հարակից նոտարիատ, իսկ Գարիկը՝ բնակարանի տերը, այնտեղ էր այդ երկվորյակ եղբայրների հետ, որոնք մշտապես բոլոր հանդիպումների ժամանակ ուղեկցել են նրան: Իմ մոտ կասկած է առաջացել, թե ստույգ Գարիկի հետ, բացի եղբայրներից, այլ մարդ եղե՞լ է, թե՞ ոչ: Նոտարի մոտ պայմանագիրը կնքելուց հետո հրաժեշտ են տվել, հեռացել»:

Ի դեպ, Խաչիկ Յանթուրյանի 3 երեխաներից երկվորյակներն են՝ Սարգիսն ու Արթուրը:
Ամբաստանյալը համաձայն չէր վկայի հետ, թե իրեն տեսել է նոտարականում: Նա ասաց, թե վիճելի տունը վաճառել է Գարեգին Կարապետյանին, եւ այս գնորդին չի տեսել:
Դատակոչված երկրորդ վկան տիկնոջ ամուսինն էր՝ Խաչատուր Գուզուչյանը:
Նա ասաց, թե երկու տղաներ են ցույց տվել բնակարանը, չնայած նախաքննության ժամանակ ասել էր «երկու եղբայրները»՝ ամբաստանյալի որդիները:
Նրանք էլ հայտնել են բնակարանի արժեքը՝ 72, թե 75 հազար դոլար, իսկ նախաքննության ժամանակ ասել էր հստակ թիվը՝ 82 հազար դոլարի մասին:
Նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագրի կնքմանը մասնակցել է բնակարանի տեր ներկայացած մի տղա, իսկ բրոքերն էլ իրեն անձամբ տանտիրոջ հետ չի ծանոթացրել:

Նոտարական գրասենյակում, ըստ այս վկայի, տղաները շատ էին, երկու եղբայրներն էլ էին:
Նախաքննության ժամանակ այս վկան հայտնել էր, թե նաեւ Խաչիկն է եղել նոտարի գրասենյակում, ինչը հակասության համար հրապարակեց դատախազը:
«Ամեն ինչ ճիշտ է ասված»,-պնդեց վկան:
Պաշտպան Ա. Ջուվանովային հետաքրքրեց, թե դրամի փոխարժեքն այն ժամանակ որքան էր: Վկան չհիշեց:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 7-ին, քանի որ դատախազը միջնորդեց ծանրաբեռնվածության, այլ նիստի մասնակցելու համար հետաձգել այն:
Դատարան էին ներկայացել այլ վկաներ էլ: Դատակոչված վկաների մեջ են ամբաստանյալի եղբայրը՝ Անդրանիկը, որը նախկինում եղել է հանգուցյալ մորաքրոջ խնամակալը եւ բրոքեր Տիգրանը, որի ազգանունը դատակոչի ցուցակում նշված է Զարիկյան:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031