Օրերս Երեւանում կայացավ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» զեկույցի քննարկումը: Զեկույցի հեղինակներն են «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության իգական սեռի 4 ներկայացուցիչներ: Հեղինակներից Զեմֆիրա Քալաշյանն ասաց, որ զեկույցում ներկայացվել են իրական պատմություններ այն եզդի կանանց ու աղջիկների մասին, որոնք զրկված են եղել նույնիսկ պարտադիր կրթությունից, կան նաեւ որոշ գյուղերի վիճակագրական տվյալներ, թե 2003- 2015թթ. ազգությամբ եզդի քանի՞ աղջիկ է հաճախել դպրոց եւ քանի՞սն է ավարտել այն: «Զեկույցն իր տեսակով յուրահատուկ է, մինչ այսօր համայնքում նմանատիպ նյութեր ներկայացված չեն եղել, որոնցում ներառվել են նաեւ այն բոլոր հոգեբանական խնդիրները, որոնք ունենում են սեփական իրավունքներից զրկված կանայք ու աղջիկները»,-նշեց Քալաշյանը:
«Սինջար» կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին էլ հավելեց. «Պատահական չէ, որ զեկույցի հեղինակներն իգական սեռի ներկայացուցիչներ են, այս կերպ փորձում ենք համայնքին ցույց տալ, որ եզդի կինը նույնպես կարող է ներգրավվել հասարակական կյանք եւ լուծումներ տալ համայնքի խնդիրներին»:
Ազգամիջյան բոլոր խնդիրների լուծումը տեղեկացվածության ապահովումն է, իսկ կանանց հետ կապված խնդիրը լուծում կստանա, երբ լինի իրավաբանական միջամտություն, ըստ որի՝ պատիժ կսահմանվի այն ծնողների հանդեպ, որոնք կցանկանան զրկել երեխային պարտադիր դպրոցական կրթությունից: Ահա այս համոզմանն էին քննարկման մասնակիցները:
Զեկույցում ներկայացված վիճակագրական տվյալներից մի քանիսը`
Արտաշատի միջնակարգ դպրոց- 2004-2015թթ. սովորել է 84 եզդի աղջիկ, որոնցից 37-ը ավարտել են 9-րդ դասարան, իսկ 3-ը՝ 12-րդ:
Նալբանդյանի միջնակարգ դպրոց- 2004-2015թթ. սովորել է 55 եզդի աղջիկ, որոնցից 41-ը ավարտել է 9-րդ դասարան, իսկ 14-ը՝ 12-րդ:
Կարդացեք նաև
Ֆերիկի հիմնական դպրոց. 2004-2015թթ. սովորել է 25 եզդի աղջիկ, որոնցից 22-ը ավարտել է 9-րդ դասարան:
ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
«Առավոտ» օրաթերթ
22.03.2016